Ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունների ու դրանց ենթատեքստի վտանգավորության վրա՝ ընդգծելով դրանց անհամատեղելիությունը խաղաղության գործընթացի հետ։
«Մինչև հայաստանյան կառավարիչները «աչքալուսանք» են տալիս, որ խաղաղությունն արդեն հաստատվել է, Ալիևը օկուպացված Քարվաճառից պատասխանում է, որ աշխարհում տիրող անկանխատեսելի իրավիճակներն Ադրբեջանին ստիպում են պատրաստ լինել պատերազմի:
Ավելին, Ալիևը նշել է, որ իրենք շարունակելու են ռազմական մեծաքանակ գնումներն ու առկա սպառազինության արդիականացումը, հատուկ նշանակության զորքերի ընդլայնումը և այլն:
Սա այն դեպքում, որ Փաշինյանը` խոսելով պատերազմի ավարտված լինելու մասին, նույն օրը ակնարկում էր, որ ռազմական բյուջեի ավելացման կարիք չկա:
Սակայն ամենախնդրահարույցն ու անթույլատրելին այն է, որ Փաշինյանի հետ ջերմ լուսանկարվող ու «խաղաղության» շուրջ պայմանավորվող Ալիևը վիրավորել է նաև հայ ժողովրդին նշելով, որ ուզում է բաց խոսել` Հայաստանը հիվանդ հասարակությունը ունի:
Իշխանությանն ու անձամբ Փաշինյանին տարբեր առիթներով ծաղրելուց ու վիրավորելուց հետո Ադրբեջանի նախագահն անցել է հայ հասարակության պիտակավորմանը, ինչը հստակ ցուցիչ է ադրբեջանցիների իրական տրամադրությունների և ցանկությունների մասին»,- նշել է նա:
Ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը խաղաղության կողմնակից է, սակայն մշտապես պետք է զգոն լինի և պատրաստ՝ ռազմական սցենարների, քանի որ միջազգային զարգացումները կանխատեսելի չեն։
«Մենք չենք ուզում պատերազմ։ Խաղաղություն ենք ուզում, բայց ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք պատերազմի», — ասել է Ալիևը։






