AM
22 Օգոստոս 2025 - 09:40 AMT

Դանիելյան. Ռուբեն Հակոբյանի առողջությունը թույլ չի տալիս նրան մնալ կալանքի տակ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտարարել է, որ քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանի առողջական վիճակը կալանքի պայմաններում մտահոգիչ է դարձել, և այն անհամատեղելի է հետագա ազատազրկման հետ։

«Ռուբեն Հակոբյանն ունի առողջական լուրջ խնդիրներ, որոնք համատեղելի չեն կալանքի հետ»,- նշել է Դանիելյանը՝ նշելով, որ վերջինս պատգամավոր Ագնեսա Խամոյանի հետ այցելել է Հակոբյանին, ում նա համարում է ապօրինաբար կալանավորված։

Պատգամավորը հիշեցրել է, որ Հակոբյանը նախկինում պատգամավոր է եղել Ազգային ժողովի երեք գումարում, ինչպես նաև պաշտոնավարել է Սանկտ Պետերբուրգում որպես հյուպատոս։ Ըստ Դանիելյանի, նա մշտապես հանդես է եկել ընդդիմադիր դիրքորոշմամբ, եղել է սուր քննադատող ու իր խոսքի համար դարձել է հետապնդումների թիրախ ներկայիս իշխանության օրոք։

Նա ընդգծել է, որ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել և նրան կալանավորել են՝ վարչապետի հրաժարականի պահանջով իր ելույթի հիման վրա։ Դանիելյանն արձանագրել է. «Հիշեցնեմ, որ Ռուբեն Հակոբյանին մեղադրանք են առաջադրել և կալանավորել՝ հեռուստաընկերություններից մեկի հաղորդման յութուբյան ալիքում հրապարակված՝ «Պետք է մտնել, ականջներից բռնել և դուրս շպրտել» վերնագրով թողարկման ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի հրաժարականը պահանջելու համար»։

Պատգամավորը քննադատել է կալանքի կիրառման պրակտիկան՝ նշելով, որ այն դարձել է հաճախակի գործիք իշխանությունների ձեռքում՝ ընդդիմախոսներին լռեցնելու նպատակով

«Այս դեպքում ևս որպես խափանման միջոց կիրառվեց կալանքը: Գաղտնիք չէ, որ որպես խափանման միջոց կալանավորման կիրառումն այս իշխանությունների օրոք դարձել է արատավոր պրակտիկա: Ռուբեն Հակոբյանն ունի առողջական լուրջ խնդիրներ, որոնք համատեղելի չեն կալանքի հետ: Այս ընթացքում վատթարացել է վերջինիս առողջական դրությունը, մեկ անգամ տեղափոխվել է բժշկական հաստատություն: Մտահոգիչ են նաև պահման պայմանները»,- նշել է Դանիելյանը։

Նա հայտնել է, որ օգոստոսի 27-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նախատեսվում է քննության առնել Հակոբյանի խափանման միջոցի փոփոխության հարցը՝ ընդգծելով, որ դատարանը պետք է հաշվի առնի թե՛ նրա առողջական ծանր վիճակը, թե՛ քաղաքական անցյալը։

Դանիելյանը նշել է նաև, որ շարունակվում են ընդդիմադիր շարժման անդամների դատավարությունները՝ հայտնելով իր աջակցությունը Ռուբեն Հակոբյանին և բոլոր քաղբանտարկյալներին։

«Լիահույս եմ, որ հաշվի կառնվեն Ռուբեն Հակոբյանի՝ քաղաքականության մեջ ունեցած ներդրումն ու առողջական լրջագույն խնդիրները: Այս օրերին ընթանում են նաև Սրբազան պայքարի մեր ընկերների դատավարությունները: Ազատություն Ռուբեն Հակոբյանին, ազատությու’ն բոլոր քաղբանտարկյալներին»,- հայտարարել է նա։

Հակոբյանը կալանավորված է հուլիսի 19-ից՝ հարցազրույցում հնչեցրած մտքերի հիման վրա։ Նրա արտահայտությունները դիտարկվել են որպես իշխանության զավթման կոչեր։ Հակոբյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՔՕ 422-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նրա գործն արդեն ուղարկվել է դատարան և մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանին։