Վաշինգտոնում կայացած հանդիպումների արդյունքում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված փաստաթղթերից երեքը, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի պնդմամբ, մինչ այժմ չեն հրապարակվել՝ չնայած դրանց արձանագրված լինելուց անցել է ավելի քան տասներկու օր։
«Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, բացի ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի միջև Եռակողմ հռչակագրից, Նիկոլ Փաշինյանը ստորագրել է ԱՄՆ-ի և Հայաստանի միջև երկկողմամի երեք հուշագիր:
- «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման ոլորտում գործընկերության մասին:
- Արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին:
- Էներգետիկ անվտանգության ոլորտում գործընկերության մասին»,- նշել է նա։
Զուրաբյանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ չնայած իշխանությունների ակտիվ քարոզչությանը՝ այս փաստաթղթերից ոչ մեկը մինչ օրս հանրայնորեն հասանելի չէ։
«ԻՍԿ ՀԻՄԱ ՈւՇԱԴԻՐ։
Այս երեք հուշագրերից, որոնք Փաշինյանն ու նրա քարոզչական մեքենան գիշեր-ցերեկ թմբկահարում են որպես մեծ նվաճում, այս երեք հուշագրերից և ՈՉ ՄԵԿՆ ահա, ՍՏՈՐԱԳՐՈւՄԻՑ 12 ՕՐ ԱՆՑ, չի ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ»,- նշել է նա։
Զուրաբյանը հայտարարել է նաև, որ օգոստոսի 21-ին կայացած մամուլի ասուլիսում վարչապետը փորձ է արել ներկայացնել, թե ստորագրված փաստաթղթերի ամբողջ էությունը ամփոփված է մեկ էջանոց եռակողմ հռչակագրում։ Դրա վերաբերյալ նա գրել է․ «Օգոստոսի 21-ին տված ասուլիսում Փաշինյանը փորձում էր ձևեր թափել, թե Վաշինգտոնյան համաձայնության ամբողջ բովանդակությունը բացված է մեկ-էջանոց ԵՌԱԿՈՂՄ ՀՌՉԱԿԱԳՐԻ մեջ, և առաջարկում էր մեր հանրությանը ձեռք բերված համաձայնությունների մասին դատել` հիմնվելով եռակողմ հռչակագրի տեքստի վրա»։
Ըստ Զուրաբյանի, իրական խնդիրն այն է, որ հենց առաջին հուշագրում՝ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի վերաբերյալ, ներառված է Զանգեզուրի միջանցքի 99 տարվա վարձակալության համաձայնագրի նկարագրությունը։ Նրա խոսքով՝ փաստաթուղթը թաքցվում է հասարակությունից միտումնավոր, քանի որ դրա բովանդակությունը կարող է առաջացնել մեծ հանրային վրդովմունք։
«Այստեղ է թաղված Փաշինյանի նոր Մեծ Խաբեության շան գլուխը: Բան այն է, որ Զանգեզուրյան միջանցքի 99-տարվա վարձակալության մասին գործարքը նկարագրված է հենց 1)-ին հուշագրի մեջ, որի տեքստը թաքցնում են հայ ժողովրդից: 2)-րդ և 3)-րդ հուշագրերը չեն հրապարակվում այն պատճառով, որ դրանց գաղտնազերծման դեպքում` է´լ ավելի կցցվեր այն հանգամանքը, որ չի հրապարակվում առաջին հուշագրի տեքստը»,- նշել է նա։
Զուրաբյանը Փաշինյանի կառավարությանը մեղադրել է ժողովրդին արհամարհելու և թափանցիկության բացակայության մեջ. «Ուղղակի ապշեցուցիչ է, թե ինչպես կարող է իրեն դեմոկրատական և թափանցիկ իշխանություն հորջորջող Փաշինյանի ռեժիմը այդքան բացայտ արհամարհել սեփական ժողովրդին և հանրությանը»։
Նա դիմել է լրատվամիջոցներին՝ կոչ անելով պահանջել իշխանություններից պատասխանել երեք կարևոր հարցի՝
- Ինչպե՞ս են ձևակերպվել պայմանները, որոնցով հայկական տարածքը 99 տարով վարձակալությամբ տրամադրվում է Ադրբեջանին՝ կապված Նախիջևանի հետ կապի ստեղծման հետ, նշված փոխըմբռնման հուշագրում։
- Արդյո՞ք նշված փաստաթղթերը գաղտնագրվել են որևէ պետական մարմնի կողմից՝ «Պետական գաղտնիքի մասին» օրենքի համաձայն, և եթե այո՝ որ մարմինն է դա իրականացրել ու ինչ հիմնավորմամբ։
- Եթե այդ հուշագրերը գաղտնի չեն, ապա ինչու են մինչ օրս մնացել չհրապարակված, չնայած անցած տասներկու օրերին։
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։






