Արդեն 60 օր է, ինչ գործարար ու բարերար Սամվել Կարապետյանը գտնվում է կալանքի տակ՝ առանց օրինական հիմնավորումների, բացառապես Մայր Աթոռին աջակցելու իր դիրքորոշման պատճառով, հայտարարել է փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Եկեք չբացառենք, որ հնարավոր է նաև Վերաքննիչ դատարանի դատավոր՝ Արմեն Դանիելյանը հենց այս պահին դիտարկվում է որպես Վերաքննիչ հակակոպռուցիոն դատարան տեղափոխման ենթակա հավանական դատավորի թեկնածու, քանի որ բողոքը պետք է քննության առնվի հենց Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից։
2025 թվականի օգոստոսի 18-ին ներկայացրել էինք հատուկ վերանայման բողոք Սամվել Կարապետյանի ակնհայտ ապօրինի կալանքի երկարաձգման Հակակոռուպցիոն դատարանի որոշման դեմ: 2025 թվականի օգոստոսի 22-ի դրությամբ դեռևս առկա չէ Վերաքննիչ ատյանի դատավորին մակագրման տվյալը: Հիշեցման կարգով՝ հունիսի 18-ի կալանքի որոշման դեմ ներկայացվել էր բողոք անմիջապես հաջորդ օրը: 2025 թվականի հունիսի 20-ին արդեն իսկ առկա էր մակագրման տվյալը հանրահայտ դատավոր՝ Արմեն Դանիելյանին: Այսինքն 24 ժամվա ընթացքում տեղի էր ունեցել մակագրումը: Տվյալ դեպքում նույն մոտեցումը չի պահպանվել, չնայած Սամվել Կարապետյանը 60 օրից ավելի է ինչ ապօրինի կալանավորված է: Կալանքը 60 օրից ավելի է կիրառված է բացառապես հարցազրույցում Մայր Աթոռը պաշտպանելու համար: Ի դեպ սա հերթական տվյալն է այս գործով ապօրինությունների և քաղաքական հետապնդման փաստի»,- նշել է նա, հայտնում է Aysor.am-ը։
Կարապետյանը կալանավորվել է հունիսի 18-ին՝ երկամսյա ժամկետով։ Նրան մեղադրանք է առաջադրվել սահմանադրական կարգի բռնի տապալման և իշխանության զավթման հրապարակային կոչերի համար։ Նա չի ընդունել մեղադրանքը, իսկ նրա պաշտպանական թիմը պնդել է, որ գործը կառուցված է անհիմն հիմքերի վրա։
Վերաքննիչ քրեական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Կարապետյանի ձերբակալումը։






