Կապանում դեսպանաժողովի ընթացքում քննարկում է անցկացվել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ, որտեղ նա ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած բանակցությունների արդյունքները և դրանց հետևանքով ձեռք բերված համաձայնությունները։
Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան նախաստորագրված համաձայնագրին՝ Միրզոյանը կարևորել է հաստատված խաղաղության նշանակությունը ինչպես Հայաստանի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար, ներկայացրել է արտաքին քաղաքականության նոր տեսլականը, ձևավորված հնարավորությունները և դրանց իրագործման ուղղությամբ նախատեսվող քայլերը։
Նա շեշտադրել է, որ տարածաշրջանում խաղաղության գործընթացի հետևողական իրականացումը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների համար անվտանգ, կայուն և բարեկեցիկ պայմանների ձևավորումը մնում են ՀՀ կառավարության և դիվանագիտական համակարգի առաջնահերթություններից։
Նախարարը նաև անդրադարձել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ ստեղծվող հեռանկարներին, միջազգային կապուղիներին ՀՀ լիարժեք ներգրավման ուղղությամբ գործադրվող ջանքերին, ինչպես նաև Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրի իրագործմանն ուղղված սպասվող քայլերին։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև արձանագրված ձեռքբերումներին՝ մտքերի փոխանակմամբ տարբեր ուղղություններով, ներառյալ՝ ռազմավարական գործընկերությունների խորացման նպատակով իրականացվող աշխատանքները։
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։






