AM
25 Օգոստոս 2025 - 10:09 AMT

Վերականգնվում են Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցվածքային տարրերը

Արդեն երկու ամիս է` մեկնարկել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի վերանորոգման երկրորդ փուլը, որը ներառում է Հավերժության տաճարի թեք մույթերի և վարչական մասնաշենքի տանիքի վերականգնումը։

Թանգարան-ինստիտուտից տեղեկացրել են, որ հուշահամալիրի հիմնանորոգման ընթացքում այցելուների և պաշտոնական պատվիրակությունների մուտքը կշարունակի անխափան գործել, ինչի համար մույթերի նորոգումն իրականացվում է հերթականությամբ։ Ներկայում իրականացվում են առաջին երկու մույթերի վերականգնման աշխատանքները։

Նախորդ տարվա ընթացքում առաջին փուլի շրջանակում բարելավվել է հուշահամալիրին հարող կանաչ գոտու ոռոգման համակարգը, որի ընթացքում Եղևնիների պուրակում գործարկվել է կաթիլային ոռոգման նոր համակարգ։

Վերանորոգման նախագծի ճարտարապետական խումբը ղեկավարում է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը, ով համահեղինակել է ինչպես հուշահամալիրի, այնպես էլ թանգարան-ինստիտուտի նախագծերը։