AM
25 Օգոստոս 2025 - 10:17 AMT

ՀՀ-ում 2025-ի սկզբից Արևմտյան Նեղոսի տենդի 2 դեպք է գրանցվել

Հայաստանում 2025-ի սկզբից արձանագրվել են Արևմտյան Նեղոսի տենդի լաբորատոր հաստատված 2 դեպք։

Եվրոպայում գործող առողջապահական կառույցները զգուշացրել են, որ այս տարվա բարձր ջերմաստիճանները կարող են նպաստել մոծակների միջոցով տարածվող հիվանդությունների թվի աճին։ Առավել մտահոգիչ հիվանդություններից մեկը համարվում է Արևմտյան Նեղոսի տենդը։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից տեղեկացրել են, որ թեև նշված ռիսկերն առկա են, ՀՀ-ում վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական վիճակը մնացել է կայուն։ Ըստ կենտրոնի՝ 2025-ի ընթացքում առայժմ արձանագրվել է Արևմտյան Նեղոսի տենդի լաբորատոր հաստատված ընդամենը երկու դեպք։

Մոծակների միջոցով փոխանցվող վարակներից խուսափելու համար անհրաժեշտ է կրել փակ հագուստ՝ այցելելով անտառապատ կամ ջրային գոտիներ, օգտագործել միջատավանիչ պաշտպանիչ միջոցներ և սարքեր, տանը և բաց տարածքներում տեղադրել հակամիջատային ցանցեր։