Դատարանը՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, ավարտին է հասցրել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով հիմնական լսումները՝ մերժելով պաշտպան Երեմ Սարգսյանի ներկայացրած միջնորդությունը, որով վերջինս պահանջել է Շիրակի թեմի առաջնորդարանում կատարված խուզարկության արձանագրությունը ճանաչել անթույլատրելի։ Միևնույն ժամանակ, սրբազանի համակարգչում հայտնաբերված օրագիրը դատարանը գնահատել է որպես թույլատրելի ապացույց։
Գործի քննությունը սկսվել է տասն օր առաջ՝ օգոստոսի 15-ին, և արդեն օգոստոսի 25-ին դատարանը եզրափակել է հիմնական փուլը՝ անցնելով եզրափակիչ ելույթներին։ Հանրային մեղադրողներն իրենց ելույթին պատրաստվելու նպատակով ժամանակ են խնդրել, ինչի արդյունքում հաջորդ դատական նիստը նշանակվել է օգոստոսի 28-ին։
Նիստի ընթացքում կողմերն եկել են համաձայնության, որ պատրաստ են աշխատել նաև աշխատանքային ժամերից հետո, որպեսզի նույն օրը տեղավորեն ինչպես հանրային մեղադրողների, այնպես էլ պաշտպանական կողմի եզրափակիչ ելույթները։ Դատական նիստը կայանալու է օգոստոսի 28-ին՝ ժամը 14:30-ին։
Հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները ներս են մտել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, սակայն այնուհետև հեռացել են։ Աջապահյանը ինքն է ներկայացել Քննչական կոմիտե։ Հունիսի 28-ին նա կալանավորվել է։ Նրա դեմ հարուցվել է քրեական գործ՝ իշխանության զավթման, տարածքային ամբողջականության խախտման, ինքնիշխանությունից հրաժարվելու կամ սահմանադրական կարգը բռնի տապալելու ուղղությամբ հրապարակային կոչերի համար։






