AM
26 Օգոստոս 2025 - 09:29 AMT

Wizz Air-ը Գյումրիից դեպի Լառնակա չվերթեր կմեկնարկի

Wizz Air ավիաընկերությունն ազդարարել է նոր չվերթների մեկնարկը Գյումրի (Հայաստան) – Լառնակա (Կիպրոս) ուղղությամբ, հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։

Սեպտեմբերի 30-ից մեկնարկող թռիչքները նախատեսվում է իրականացնել շաբաթական երկու անգամ։ Մինչև հոկտեմբերի 25-ը չվերթերը կիրականացվեն երեքշաբթի և շաբաթ օրերին, իսկ հոկտեմբերի 30-ից հետո՝ հինգշաբթի և կիրակի օրերին։ Տոմսերի վաճառքն արդեն մեկնարկել է Wizzair.com-ում և WIZZ բջջային հավելվածում, արժեքը սկսվում է €14.99-ից։

Նշված ուղղությունն իրականացվելու է «Շիրակ» օդանավակայանից, որը Հայաստանի երկրորդ ամենամեծ միջազգային օդանավակայանն է։ Այն կարևոր նշանակություն ունի երկրի տարածաշրջանային զարգացման համար և միաժամանակ Wizz Air-ի հայաստանյան ներկայության ամրապնդման մի նոր քայլ է։