AM
28 Օգոստոս 2025 - 08:06 AMT

ԱԳ նախարարը հերքել է ենթակառուցվածքների օգտագործման 99 տարվա տարբերակը․ Հողի սեփականությունը մնում է ՀՀ-ին

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ենթակառուցվածքների հասանելիությունը լինելու է երկկողմանի՝ ըստ պայմանավորվածությունների, որոնք արդեն հստակ ձևակերպվել են։

«Ադրբեջանը հասանելիություն է ստանալու մեր ենթակառուցվածքներին, մենք էլ, բնականաբար, իրենց ենթակառուցվածքներին»,- Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում ասել է Միրզոյանը՝ պատասխանելով հարցին՝ ադրբեջանական բեռները հայ մաքսավորները ստուգելո՞ւ են, թե ոչ։

Նախարարը պարզաբանել է, որ մինչև ենթակառուցվածքների գործարկումը պետք է իրականացվի սահմանների հստակեցում, որի ընթացքում Հայաստանի կողմից պետք է տեղադրվի ՀՀ դրոշն, իսկ մյուս կողմից՝ Ադրբեջանի դրոշը։ Նա հավելել է, որ անհրաժեշտ է կառուցել սահմանային անցակետեր՝ համապատասխան մաքսային ծառայություններով, նշելով. «Այլ կերպ ինչպե՞ս եք պատկերացնում։ Սա լինելու է երկու երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության շրջանակներում, փոխադարձության սկզբունքին համապատասխան։ Այս ամենը գրված է, պայմանավորվել ենք այն, ինչ գրված է, գրվածից զատ այլ պայմանավորվածություններ չկան»։

Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ տարածքով անցնող ենթակառուցվածքը, որը կարող են օգտագործել նաև, օրինակ, ադրբեջանական գնացքները, մնում է Հայաստանի Հանրապետության սեփականությունը։

Նրա խոսքով, 99 տարվա վերաբերյալ շրջանառվող պնդումներն առայժմ որևէ կապ չունեն իրականության հետ:

«Պայմանավորվածություն կա այն բաների մասին, որոնք գրված են, հրապարակված, ժամկետ, որևէ այլ տեխնիկական մանրամասներ, դեռ պետք են քննարկենք։ Հողի սեփականությունը չի կարող վիճարկվել»,- նշել է նախարարը։