AM
28 Օգոստոս 2025 - 08:12 AMT

«Ագարակ» անցակետում թմրամիջոցներ մաքսանենգությամբ մտցնող քաղաքացու են բռնել

Պետական եկամուտների կոմիտեն ՀՀ քաղաքացու ուղեբեռում հայտնաբերել է «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց՝ ընդհանուր 510 գրամ քաշով։

Տվյալներ էին ստացվել, որ ՀՀ քաղաքացին պատրաստվում է մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն ներմուծել թմրամիջոցներ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացին հնարավոր է «Ագարակ» սահմանային անցման կետով Հայաստանի Հանրապետություն ներմուծի թմրամիջոցներ: Քաղաքացին վերցվել է հսկողության։

ՊԵԿ աշխատակիցները մաքսային զննման են ենթարկել Գ․Ծ․-ին պատկանող ուղեբեռները: Պոլիէթիլենային տոպրակի մեջ առկա 2 բարձից յուրաքանչյուրի մեջ հայտնաբերվել է մեկական թափանցիկ պոլիէթիլենային փաթեթ՝ լցված «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող սպիտակ բյուրեղանման զանգվածներով՝ ընդհանուր 510 գրամ քաշով։ Թմրամիջոցի մաքսանենգություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով քաղաքացին ձերբակալվել և ներկայացվել է ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ: