AM
29 Օգոստոս 2025 - 09:52 AMT

Հրապարակվել են ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ստորագրված հուշագրերը․ Կիսահաղորդիչներ, էներգետիկա ու «Խաղաղության խաչմերուկ»

Հայաստանի և ԱՄՆ-ի կառավարությունները կնքել են մի շարք փոխըմբռնման փաստաթղթեր, որոնք ընդգրկում են տեխնոլոգիական, էներգետիկ և ենթակառուցվածքային ռազմավարական ուղղություններ՝ նպատակ ունենալով խորացնել փոխգործակցությունը և ամրապնդել երկկողմ կապերը։

ԱՄՆ-ի և Հայաստանի կառավարությունները, ճանաչելով նորարարական լուծումների, տնտեսական առաջընթացի և տեխնոլոգիական զարգացման հանդեպ իրենց ընդհանուր շահերը, ինչպես նաև ընդգծելով կիսահաղորդիչների ոլորտում ներդրումների և համագործակցության փոխադարձ շահույթը, համաձայնության են հասել նոր փոխըմբռնման ձևավորման շուրջ։

Փաստաթղթի համաձայն՝

«Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ՝ Մասնակիցներ), ընդունելով իրենց ընդհանուր հետաքրքրվածությունը նորարարությունը, տնտեսական զարգացումը եւ տեխնոլոգիական առաջընթացը խթանելու հարցում, արտահայտելով փոխադարձ հետաքրքրվածություն Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգում ներդրումներ կատարելու առնչությամբ, որը կնպաստի տեխնոլոգիական առեւտրայնացմանը եւ տնտեսական շահին երկու Մասնակիցների համար, հաստատելով ընդհանուր ցանկությունը մեծացնելու աջակցությունը կիսահաղորդիչների մատակարարման դիմակայուն շղթաների հարցում, եւ ընդունելով Մասնակիցների աշխատանքների փոխլրացնող բնույթը եւ նրանց միջեւ ռազմավարական առավել սերտ համագործակցության օգուտները, հասել են հետեւյալ փոխըմբռնմանը։»

Այս փոխըմբռնման նպատակն է խորացնել գործակցությունը ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության համատեքստում՝ կենտրոնանալով ապահով մատակարարման շղթաների ստեղծման վրա, ներառյալ՝ կիսահաղորդչային արտադրությունն ու ինտեգրալ միկրոսխեմաների արդյունաբերությունը։ Նպատակ է դրվել ամրապնդել նաև արհեստական բանականության առևտրայնացման հենքը և գնահատել Հայաստանի կարգավիճակի բարելավման հնարավորությունը՝ ԱՄՆ-ի արտահանման վերահսկողության համակարգում։

Մասնակից կողմերը մտադրված են արձագանքել այնպիսի առաջնահերթություններին, ինչպիսիք են կիսահաղորդչային արդյունաբերության ներուժի զարգացումը Հայաստանում, մասնավոր ներդրումների խրախուսումը համատեղ ծրագրերի միջոցով, արդյունավետ տեղեկատվության փոխանակումը կիսահաղորդիչների և արհեստական բանականության լավագույն փորձի վերաբերյալ, ինչպես նաև գիտահետազոտական կառույցների հետ համագործակցության խթանումը՝ աջակցելու նորարարությանը և տեխնոլոգիական փոխանցմանը։

Գործակցությունն ընդգրկում է մի շարք ոլորտներ, որոնց թվում են կիսահաղորդիչների էկոհամակարգի վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը ԱՄՆ մասնավոր հատվածում, արտահանման վերահսկողության մեխանիզմների ամրապնդումը, արհեստական բանականության հավելվածների անվտանգության բարձրացումը, ինչպես նաև Հայաստանի տեխնոլոգիական ենթակառուցվածքների զարգացման խթանումը։

Փաստաթղթում սահմանվում է մեկ տարվա գործողության ժամկետ՝ հետագա երեք անգամ երկարաձգման հնարավորությամբ։ Հուշագրում մասնավորապես նշվում է, որ․

«Սույն ՓՀ-ում ոչինչ չի առաջացնում միջազգային կամ ներպետական իրավունքով սահմանված իրավունքներ կամ պարտավորություններ։ Մասնակիցները մասնավորապես ընդունում են, որ սույն ՓՀ-ն միջոցների տրամադրման պարտավորություն չէ…»

Մեկ այլ համաձայնագիր ստորագրվել է էներգետիկ անվտանգության ոլորտում համագործակցությունը խորացնելու վերաբերյալ։

«Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ՝ Մասնակիցներ), արտահայտելով փոխադարձ հետաքրքրվածություն Հայաստանի էներգետիկ ոլորտում ներդրումներ կատարելու առնչությամբ՝ Հայաստանի էներգետիկ բազմազանեցման, անվտանգության, դիմակայունության եւ Հայաստանի էներգետիկ ոլորտի արդիականացմանը նպաստելու նպատակով, հաստատելով քաղաքացիական ոլորտում ատոմային հարցերով համագործակցությունն ընդլայնելու ընդհանուր ցանկությունը…»

Ըստ պայմանավորվածության՝ կողմերն առաջնորդվում են նպատակի միջոցով համատեղ ջանքերով նպաստելու Հայաստանի էներգետիկ շուկայի համապատասխանեցմանը միջազգային չափանիշներին, անցում կատարելու ցածր ածխածնային տնտեսության և աշխատուժի կարողությունների զարգացմանը։

Ընդգրկված են նաև համագործակցության ոլորտներ՝ սկսած փոքր մոդուլային ռեակտորների ոլորտում տեխնոլոգիական փոխանցումից մինչև էներգակուտակիչ կայանների ներդրում և էլեկտրացանցերի արդիականացում։ Կողմերն ընդգծել են նաև էներգետիկ ենթակառուցվածքների կիբեռանվտանգության ամրապնդման կարևորությունը։

Փաստաթուղթը նախատեսում է մեկ տարվա ժամկետ, շարունակական խորհրդակցությունների միջոցով վերահսկվող ընթացքով։ Բոլոր ծախսերը կողմերը կրում են իրենց միջոցներից։

Երրորդ հուշագիրը վերաբերում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ ուղղված Հայաստանի ենթակառուցվածքների և սահմանային անվտանգության հզորացմանը։

«Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ՝ Մասնակիցներ), շեշտելով աներկբա աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ դրա միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությանը, արտահայտելով փոխադարձ հետաքրքրվածություն Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծում ներդրում կատարելու եւ Հայաստանի ենթակառուցվածքների եւ սահմանային անվտանգությունը բարելավելու հարցում…»

Այս հուշագրով կողմերն ամրապնդում են սահմանների պաշտպանությունը, մաքսային և կիբեռանվտանգության կարողությունները, ինչպես նաև աջակցում են մասնավոր ներդրումներին՝ ենթակառուցվածքային զարգացումն ապահովելու համար։

Գործընկերությունն ուղղված է թե՛ վերապատրաստման ծրագրերին, թե՛ ռեսուրսների փոխանակմանը, որոնց միջոցով նպատակադրվում է Հայաստանի կարողությունների համապարփակ զարգացումը։

Բոլոր հուշագրերում հստակ շեշտվում է, որ ոչ մի դրույթ չի ենթադրում իրավաբանական պարտավորություն կամ գործընկերության ձևավորում, իսկ կողմերը շարունակում են գործել որպես անկախ միավորներ՝ պահպանելով իրենց առանձին լիազորությունները։