Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։
Զրուցակիցները կարևորել են տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը միտված քայլերը։
Վարչապետ Փաշինյանը և նախագահ Էրդողանը շեշտել են կառուցողական մոտեցումների պահպանման անհրաժեշտությունը՝ փոխվստահության մթնոլորտի ձևավորման և տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման նպատակով։
Կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը։
Փաշինյանը Չինաստան է մեկնել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, որի հրապարակած լուսանկարներից երևում է, որ նրանք կարճ հանդիպում են ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և որ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ղեկավարների հանդիպմանը ներկա են եղել նաև նրանց կանայք։
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Վարչապետը Չինաստան կատարած այցի շրջանակում նախատեսում է մասնակցել ՇՀԿ գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափով հանդիպմանը, ինչպես նաև դրա շրջանակում կազմակերպված մի շարք միջոցառումների։






