Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ունեցել է հանդիպում Պակիստանի Իսլամական Հանրապետության փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մոհամմադ Իշաք Դարի հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ։
Նրանք ստորագրել են համատեղ կոմյունիկե՝ հաստատելով երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների մեկնարկը։
Զրուցակիցներն արտահայտել են իրենց գոհունակությունը՝ Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման որոշման առնչությամբ, և քննարկել են երկկողմ գործակցությունը զարգացնելու հնարավորությունները։
Այս փաստաթղթի ստորագրմամբ Հայաստանը և Պակիստանը պաշտոնապես հաստատել են դիվանագիտական կապեր՝ վերահաստատելով իրենց պատրաստակամությունը բարեկամական հարաբերություններ ձևավորելու՝ ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին համապատասխան։ Դրանց շարքում ընդգծվել են ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության փոխադարձ հարգումը, ագրեսիայի բացառումը, միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը, ինչպես նաև հավասարության, փոխշահավետության և խաղաղ գոյակցության մոտեցումները։
Երկու երկրների կառավարությունները պայմանավորվել են փոխանակվել ներկայացուցիչներով ու տրամադրել անհրաժեշտ աջակցություն՝ 1961 թ. Վիեննայի կոնվենցիայի և միջազգային սովորույթային պրակտիկայի համաձայն՝ դիվանագիտական հարաբերությունների գործնական իրագործման համար։
Տարածաշրջանային իրադարձություններին անդրադառնալով՝ Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ ջանքերը՝ Հարավային Կովկասում երկարաժամկետ կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ և այդ համատեքստում ընդգծել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել։
Ի պատասխան՝ Պակիստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մոհամմադ Իշաք Դարը շնորհավորել է ՀՀ արտգործնախարարին։
Միրզոյանն անդրադարձ է կատարել նաև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռքբերված լրացուցիչ համաձայնություններին։
Հայաստանի և Պակիստանի արտգործնախարարները կարծիքներ են փոխանակել նաև ՄԱԿ-ի և Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակում համագործակցության հնարավոր ուղղությունների վերաբերյալ։
Օգոստոսի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց էր ունեցել Պակիստանի Իսլամական Հանրապետության փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մոհամմադ Իշաք Դարի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցը:
2025-ի մայիսին Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆը Լաչինում հայտարարել էր, թե, իբր «Ադրբեջանը ժամանակին հարձակման է ենթարկվել Հայաստանի կողմից» և որ «Թուրքիան ու Պակիստանը, սարի պես, կանգնեցին Ադրբեջանի կողքին»։






