Անհետ կորած 21 զինծառայողի ընտանիքները կշարունակեն աջակցություն ստանալ։ Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է աջակցության ժամկետը երկարաձգել մինչև 2025 թվականի նոյեմբերը ներառյալ՝ փոփոխություն կատարելով կառավարության համապատասխան որոշման մեջ։
«Գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ընտանիքներին ամենամսյա դրամական վճարի տրամադրումը դադարեցվում է, եթե ամենամսյա դրամական վճարը վճարվել է մինչև 2025 թվականի սեպտեմբեր ամիսը ներառյալ, որի արդյունքում 20.08.2025թ. դրությամբ դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող թվով 21 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրումը դադարեցվելու է 2025թ. հոկտեմբեր 1-ից: Առկա իրողություններով պայմանավորված՝ առաջարկվում է աջակցության վճարման ժամկետը երկարաձգել մինչև 2025 թվականի նոյեմբեր ամիսը ներառյալ»,–ասվում է հիմնավորման մեջ։
Ֆինանսական հաշվարկների համաձայն՝ այդ ընտանիքներին 2025 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին տրամադրվելիք աջակցությունը կկազմի 12 միլիոն 600 հազար դրամ։
Նշված գումարը նախատեսվում է տրամադրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը 2025 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից՝ ներքին վերաբաշխումների միջոցով։






