ՀՀ–ն և Չինաստանը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին։
Հայտարարության մեջ նշվում է․«Հայաստանի Հանրապետությունը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը (այսուհետ՝ Կողմեր), հիմնվելով երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա,
համակարծիք լինելով, որ 1992 թվականի ապրիլի 6-ին դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկկողմ հարաբերությունները զարգացել են դինամիկ կերպով, իսկ երկու երկրների միջև համագործակցությունը տարբեր ոլորտներում հասել է դրական արդյունքների,
լիովին հանձնառու լինելով ընդլայնելու համագործակցությունը քաղաքական, տնտեսական, մշակութային և սոցիալական ոլորտներում, ինչպես նաև միջազգային հարաբերություններում ու տարածաշրջանային և համաշխարհային խաղաղության ու կայունության խթանման գործում,
համաձայնության են եկել հաստատել ռազմավարական գործընկերություն՝ շարունակելով առաջնորդվել երկկողմ հարաբերությունների հիմնարար սկզբունքներով, որոնք բնորոշվում են հավասարությամբ, փոխադարձ հարգանքով և վստահությամբ, ինչպես նաև փոխշահավետ համագործակցությամբ։
Երկու պետություններն ընդգծել են խաղաղ համագոյակցության սկզբունքների հիման վրա հարաբերությունների խորացման վճռականությունը՝ ընդգծելով միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, անվտանգության և զարգացման շահերի հանդեպ լիարժեք հարգանքը։
«Հայկական կողմը վերահաստատում է իր դիրքորոշումը՝ ի աջակցություն «Մեկ Չինաստանի» սկզբունքի՝ ճանաչելով, որ աշխարհում գոյություն ունի միայն մեկ Չինաստան, և Թայվանը Չինաստանի տարածքի անբաժանելի մասն է, իսկ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունն ամբողջ Չինաստանը ներկայացնող միակ օրինական կառավարությունն է. վճռականորեն դեմ է «Թայվանի անկախության» ցանկացած ձևի և աջակցում է ազգային վերամիավորման ուղղությամբ Չինաստանի կողմից գործադրվող ջանքերին։
Չինական կողմը վերահաստատում է իր ամուր աջակցությունը Հայաստանի Հանրապետության քաղաքական անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անխախտելիությանը։
Չինաստանն աջակցում է հայկական կողմի կողմից առաջարկված խաղաղության օրակարգին և ողջունում է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։
Երկկողմ հայտարարության մեջ երկու կողմերն իրենց միասնական դիրքորոշումն են արտահայտել այնպիսի աշխարհաքաղաքական գործելակերպերի դեմ, որոնք կարող են ապակայունացնել տարածաշրջանը կամ սրել առկա լարվածությունները։
Երևանն ու Պեկինը համաձայնություն են ցուցաբերել՝ խորացնելու բարձր մակարդակի քաղաքական խորհրդակցությունները, ակտիվացնել երկխոսությունը ինչպես պետական կառույցների, այնպես էլ կուսակցությունների միջև՝ համագործակցության հենքը դարձնելով փորձի փոխանակումն ու վստահության ամրապնդումը։
Նրանք առանձնահատուկ կարևորություն են տվել օրենսդիր կառույցների ներգրավվածությանը երկկողմ քաղաքական հարաբերություններում՝ կարևորվելով խորհրդարանական դիվանագիտության դերը։
Համաձայն կողմերի՝ անհրաժեշտ է շարունակաբար զարգացնել կառավարությունների միջև աշխատանքային շփումների մեխանիզմները՝ անվտանգության և զարգացման ոլորտներում տեսակետների փոխանակման նպատակով։
Իրավական և դատական համակարգերի, ինչպես նաև իրավապահ և անվտանգության կառույցների միջև կապերը ևս ներկայացվել են որպես փոխշահավետ համագործակցության ոլորտներ՝ ընդգծելով համատեղ պայքարը ահաբեկչության, ծայրահեղականության, սեպարատիզմի, կիբեռհանցագործությունների և այլ գլոբալ սպառնալիքների դեմ։
Քաղաքական համագործակցությանը զուգահեռ, Կողմերը նաև հայտնել են պատրաստակամություն՝ շարունակելու միջտարածաշրջանային կապերի զարգացումը և համապարփակ պայմանագրային իրավական դաշտի հարստացումը։
Տնտեսական ճյուղում կողմերն անդրադարձել են առևտրատնտեսական հարաբերությունների ներկայիս դրական միտումներին ու արտահանման խթանմանն ուղղված ծրագրերին։ Չինական ներդրումների ներգրավումը Հայաստանում, ինչպես նաև չինական ընկերությունների ներգրավվածությունը ենթակառուցվածքային նախագծերում, դիտարկվում է որպես գործընկերության առաջխաղացման ուղի։
Տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման համատեքստում նշվել են նաև այլ կարևոր ուղղություններ՝ գյուղատնտեսություն, արդյունաբերություն, ՏՏ, վերականգնվող էներգիա։ Կողմերը համաձայնել են բարձրացնել տնտեսական հանձնաժողովի համանախագահների մակարդակը՝ նպաստելով ընդունված որոշումների արդյունավետ իրագործմանը։
Չինաստանը ողջունում է Հայաստանի ակտիվ մասնակցությունը Չինաստանի ներմուծման միջազգային ցուցահանդեսին, Չինաստանի ներմուծման և արտահանման տոնավաճառին, Չինաստանի ծառայությունների առևտրի միջազգային տոնավաճառին, Գլոբալ թվային առևտրի ցուցահանդեսին, Չինաստանի սպառողական ապրանքների միջազգային ցուցահանդեսին, Չինաստանի միջին և փոքր ձեռնարկությունների միջազգային ցուցահանդեսին, Չինաստանի ներդրումների և առևտրի միջազգային տոնավաճառին և այլ խոշոր ցուցահանդեսների։ Չինական կողմն աջակցում է հայկական կողմին բարձրորակ ապրանքների առաջխաղացման և վաճառքի համար առցանց հարթակների օգտագործման հարցում։
Հայաստանը նույնպես ողջունում է չինական կողմի ակտիվ մասնակցությունը Հայաստանում կազմակերպվող միջազգային ցուցահանդեսներին և տոնավաճառներին, այդ թվում՝ EXPO Food and Drinks, ArmProd EXPO, Build EXPO, Industrial Armenia EXPO, DigiTec Expo, ArmHighTech Exhibition ցուցահանդեսներին և այլն։
Երկու կողմերն իրենց փոխադարձ ներդրումների ծավալը մեծացնելու պատրաստակամություն են հայտնել՝ խթանելով համագործակցությունը արդյունաբերության, հեռահաղորդակցության, էներգետիկայի և այլ ոլորտներում։
Բացի այդ, կողմերը պատրաստակամություն են ցուցաբերել ուսումնասիրելու առևտրատնտեսական ոլորտին առնչվող իրավական կարգավորումների բարելավման ուղիները, ինչպես նաև դիտարկել ինստիտուցիոնալ մեխանիզմների ստեղծման հնարավորությունը՝ առևտրի և ներդրումների դյուրացման համար։
Երևանն ու Պեկինը վերահաստատել են բազմակողմ առևտրային համակարգի պահպանման իրենց հանձնառությունը՝ ընդգծելով ԱՀԿ-ի դերը և Զարգացման համար ներդրումների դյուրացման համաձայնագրի անհրաժեշտությունը ԱՀԿ-ի կառուցվածքի մեջ։
Հայաստանը երախտագիտություն է հայտնել Չինաստանին՝ շարունակական տեխնիկական աջակցության, այդ թվում՝ մարդկային ռեսուրսների զարգացման ծրագրերի համար։ Կողմերը նախատեսում են ամրապնդել նաև զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը։
Մասնավորապես Կողմերը բարձր են գնահատում երկու երկրների միջև հաստատված առանց վիզայի ռեժիմը, որը նշանակալիորեն խթանում է զբոսաշրջությունը, ամրապնդում է ժողովուրդների միջև շփումները և ընդլայնում տնտեսական, սոցիալական ու մշակույթային կապերը։ Կողմերը համաձայնում են, որ երկու երկրների միջև ուղիղ չվերթերի գործարկումը լրացուցիչ խթան է ծառայում զբոսաշրջության ոլորտում համագործակցության համար։
Չինաստանը ողջունում է Հայաստանի մասնակցությունը Չինաստանի զբոսաշրջության ամենամյա միջազգային ցուցահանդեսին (CITM) և այլ զբոսաշրջային ցուցահանդեսների։
Կողմերը համաձայնության են եկել խթանել համագործակցությունը կրթության, գիտության, տեխնոլոգիաների և լեզվի ուսուցման ոլորտներում՝ ներառյալ Հայաստանում գործող Կոնֆուցիոսի ինստիտուտում իրականացվող ծրագրերը։
Համագործակցությունը կընդլայնվի նաև թվային և մասնագիտական կրթության, դասական գրականության փոխթարգմանման, գիտահետազոտական ինստիտուտների միջև փոխանակման, գիտատեխնիկական ձեռքբերումների կիրառման ուղղությամբ։
Տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարության և արհեստական բանականության ոլորտներում համագործակցությունն առանձնացված է որպես առաջնահերթություն՝ ընդգծելով «Ինժեներական քաղաք» և «Ակադեմիական քաղաք» նախագծերը՝ որպես պոտենցիալ հարթակներ։
Մշակույթի ոլորտում նախատեսվում է փոխադարձ Մշակույթի օրերի կազմակերպում, մշակութային արժեքների պահպանման ու ժառանգության պաշտպանության համատեղ ծրագրերի իրականացում։
Երկու հնագույն քաղաքակրթությունները կշարունակեն ակտիվ փոխգործակցությունը Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի շրջանակում։
Բացի այդ, կողմերը պայմանավորվել են խորացնել փոխանակումները սոցիալական ապահովության, առողջապահության, սպորտի, մեդիայի, կինոարտադրության ու երիտասարդության ոլորտներում։
Թվայնացումն ու կիբեռանվտանգությունը ևս դիտարկվում են որպես երկկողմ համագործակցության առանցքային ուղղություններ։ Տրանսպորտային կապերի բարելավումը ևս ընդգծվել է՝ որպես տնտեսական ինտեգրման գործոն։
Գլոբալ համագործակցության տիրույթում կողմերը վերահաստատել են իրենց հավատարմությունը ՄԱԿ-ի և միջազգային իրավունքի սկզբունքներին, պատրաստակամություն հայտնել աջակցելու միմյանց՝ միջազգային ու տարածաշրջանային գործընթացներում ազդեցիկ դերակատարության հարցում։
Մարդու իրավունքների համատեքստում ընդգծվել է համընդհանուր զարգանալու իրավունքի պաշտպանությունը, ինչպես նաև դրա իրագործմանն ուղղված միջազգային ջանքերի խթանումը։
Հայկական կողմը ողջունում է չինական կողմի կողմից առաջ քաշված Գլոբալ զարգացման նախաձեռնությունը, Գլոբալ անվտանգության նախաձեռնությունը և Գլոբալ քաղաքակրթության նախաձեռնությունը և մասնավորապես այնպիսի հայեցակետեր, ինչպիսիք են բոլոր երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը, ՄԱԿ-ի Կանոնադրության նպատակների և սկզբունքների պաշտպանությունը և երկխոսության միջոցով բոլոր վեճերի խաղաղ կարգավորումը, զարգացման առաջնահերթությունը, մարդկանց առաջնային և կենտրոնական տեղում դիտարկելը, նորարարության ուժի բացահայտումը, աղքատության նվազեցումը, կլիմայի փոփոխության հարցերին անդրադառնալը և կանաչ զարգացման խթանումը։ Կողմերը հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ արագացնելու ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգի» իրականացումը, համատեղ պաշտպանելու միջազգային և տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը և խթանելու քաղաքակրթությունների միջև փոխանակումները և փոխադարձ ուսուցումը։
Կողմերն ընդգծել են «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում համագործակցության սերտացման անհրաժեշտությունը՝ միաժամանակ կապ ստեղծելով Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության հետ։
Չինական կողմը ողջունում է հայկական կողմի ցանկությունը՝ ամրապնդելու համագործակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) հետ և աջակցում է հայկական կողմին ՇՀԿ-ում իր իրավական կարգավիճակի բարելավման հարցում։
Հայկական կողմը սատարում է ՇՀԿ-ի հիմնարար սկզբունքները, ինչպիսիք են ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության նկատմամբ փոխադարձ հարգանքը, պետական սահմանները չխախտելը, ագրեսիայի փոխադարձ բացառումը, ներքին գործերին չմիջամտելը, ինչպես նաև միջազգային հարաբերություններում ուժ կամ դրա սպառնալիք չկիրառելը։ Այս սկզբունքները Հայաստանի խաղաղության օրակարգի անբաժանելի մասն են և նպաստում են Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության և կայունության ապահովմանը։
Չինական կողմը ողջունում է Հայաստանի անդամակցությունը Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին (ԵՆԱԲ) և պատրաստ է խորացնել համագործակցությունը հայկական կողմի հետ ԵՆԱԲ-ի շրջանակում և համատեղ աջակցել ԵՆԱԲ-ին՝ ավելի լավ ծառայելու իր զարգացող անդամների ենթակառուցվածքների շինարարության և կայուն զարգացման պահանջներին»,- ասված է համատեղ հայտարարության մեջ։






