AM
1 Սեպտեմբեր 2025 - 09:03 AMT

6 ամսում ավելի քան 3500 օտարերկրացի կացության կարգավիճակ է ստացել Հայաստանում

2025 թվականի հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում Հայաստանում ժամանակավոր կացության կարգավիճակ է շնորհվել 1815 օտարերկրացու, իսկ մշտական կացության կարգավիճակ՝ 1775-ին։ Այդ են փաստում Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Ժամանակավոր կացության կարգավիճակ ստացած 1815 անձանցից 638-ը այն ստացել են ընտանիքի վերամիավորման հիմքով, 769-ը՝ ուսման նպատակով, 398-ը՝ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար, իսկ 10-ը՝ ազգությամբ հայ լինելու հանգամանքով, հայտնում է Արմենպրեսը։

Այս շրջանի ընթացքում ժամանակավոր կացության կարգավիճակ ստացածների գերակշիռ մասը ՌԴ քաղաքացիներ են՝ ընդհանուր 474 մարդ։ Հաջորդը Հնդկաստանի քաղաքացիներն են՝ 466 հոգի, այնուհետև՝ Իրանից՝ 293 անձ։

Մշտական կացության կարգավիճակ է շնորհվել 1775 օտարերկրացու։ Նրանցից 209-ը հիմնավորել են իրենց իրավունքը առնվազն երեք տարի ՀՀ-ում բնակվելու փաստով՝ ներառյալ ՀՀ քաղաքացի կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող ամուսին կամ մերձավոր ազգական ունենալը, ինչպես նաև ՀՀ-ում բնակարանով և կենսապահովման միջոցներով ապահովված լինելը։ 251 անձ մշտական կացություն է ստացել ձեռնարկատիրությամբ զբաղվելու հիմքով, իսկ ամենամեծ խումբը՝ 1315-ը՝ որպես ազգությամբ հայեր։

Մշտական կացության կարգավիճակ ստացած օտարերկրացիների թվում կրկին առավել թվով են ՌԴ քաղաքացիները՝ 970 հոգի։ Նրանց հաջորդում են Վրաստանի քաղաքացիները՝ 143 անձով, Սիրիայի քաղաքացիները՝ 117, Ուկրաինայի քաղաքացիները՝ 113, և Լիբանանի քաղաքացիները՝ 48 մարդ։