Հայաստանի Վիճակագրական կոմիտեի նոր հրապարակման համաձայն՝ 2025 թվականի հունվարից հունիս ամիսներին երկրում ծնվել է 14 հազար 609 երեխա, ինչը 1007-ով պակաս է, քան 2024-ի նույն ժամանակահատվածի ծնունդների թիվը։ Մահերի ընդհանուր թիվը կազմել է 13 հազար 12՝ նվազելով 58-ով՝ նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ։
Այս տվյալների հիման վրա բնակչության բնական հավելաճը կազմել է 1597 մարդ, հայտնում է Արմենպրեսը։
Նույն հաշվետու շրջանում արձանագրվել է մեռելածինների թվի նվազում․ մահացած ծնվածների թիվը կազմել է 197, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը եղել է 229։
Ըստ վիճակագրության՝ Հայաստանում ամուսնությունների թիվը ևս նվազել է։ 2025-ի առաջին կիսամյակում գրանցվել է 6388 ամուսնություն, ինչը 15.3 տոկոսով պակաս է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից։
Միևնույն ժամանակ, ամուսնալուծությունների քանակն աճել է՝ հասնելով 2352-ի։ 2024 թվականի հունվար-հունիս ամիսներին գրանցվել էր 2220 ամուսնալուծություն։






