AM
1 Սեպտեմբեր 2025 - 09:15 AMT

2025–ին ՀՀ–ն ստացել է ավելի քան 17 մլն դոլարի մարդասիրական օգնություն, ամենաշատը՝ ԱՄՆ–ից

Հայաստանը 2025 թվականի հունվար-հունիս ամիսներին ստացել է 17 մլն 98.4 հազար դոլարի մարդասիրական օգնություն։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկությունների համաձայն՝ այս ցուցանիշը 75 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հայտնում է Արմենպրեսը։

Առավել մեծ ծավալով ստացվել են քիմիական արդյունաբերության արտադրանքներ՝ ընդհանուր 9 մլն 534.4 հազար դոլարի։ Հաջորդ խումբը կազմել են մեքենաներն ու մեխանիզմները՝ 1 մլն 867.6 հազար դոլարի, իսկ երրորդը՝ ցամաքային, օդային և ջրային տրանսպորտի միջոցները՝ 1 մլն 467.3 հազար դոլարի։

Մարդասիրական օգնության ծագման երկրներից առաջատար է Միացյալ Նահանգները։ ԱՄՆ-ից ստացվել է 4 մլն 564.4 հազար դոլարի օգնություն, որը կազմում է ընդհանուրի 26.7 տոկոսը։ Բացի այդ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ԱՄՆ-ի կողմից տրամադրված ծավալը ավելացել է 11.1 տոկոսով։

Օգնություն տրամադրած երկրորդ երկիրը եղել է Չինաստանը՝ 2 մլն 528.5 հազար դոլար, ինչը ընդհանուրի 14.8 տոկոսն է։ Նախորդ տարվա համեմատ Չինաստանից ստացվող օգնության ծավալը աճել է շուրջ 2.6 անգամ։

Երրորդ տեղում է Իտալիան՝ 1 մլն 815.5 հազար դոլարի մարդասիրական աջակցությամբ, որը կազմել է ընդհանուրի 10.6 տոկոսը։ Սա նախորդ տարվա ցուցանիշից բարձր է 25.5 տոկոսով։