«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ապաշրջափակման հարցին, մտավախություն է հայտնել, որ ենթակառուցվածքների կառուցումից հետո ՀՀ տարածքի 99 տարվա վարձակալության հարցը կարող է վերադառնալ օրակարգ։
Նա նշել է, որ օգոստոսի 27-ին հեռարձակված հարցազրույցում ԱԳ նախարար Արարատ Միրզոյան ասել է՝ երրորդ կողմին վարձակալության տալու հարց առայժմ չկա, հայտնում է «Փաստինֆոն»։
«Թե Միացյալ Նահանգների դեսպանը Թուրքիայում, թե Դոնալդ Թրամփը հայտարարել են 99 տարով ճանապարհի վարձակալության վերաբերյալ։ Այս թուղթը, որ հրապարակեցին Հայաստանի իշխանությունները ուրբաթ կեսօրին՝ այդ հարցը բաց է թողնում։ Այսինքն, պետք է ենթադրել, որ կա նաև մեկ այլ պայմանավորվածություն, այս թուղթ ասում է, որ մի տարի, հետո ևս երեք անգամ կարող է երկարաձգվել, այսինքն երեքից չորս տարվա մասին ենք խոսում, դրանից մի քիչ առաջ էլ խոսել էր Ալիևը, ասել էր՝ դե, մենք երկաթուղին կկառուցեինք մի տարում, իսկ Հայաստանը այդքան փորձ չունի և իրենց երեք տարի պետք է։
Ես ողջամիտ կասկած և մտահոգություն ունեմ, որ ենթակառուցվածքները կառուցելուց հետո 99 տարով Հայաստանի ինքնիշխան տարածքը երրորդ կողմին վարձակալության հանձնելու հարցը կրկին դառնալու է օրակարգային, մանավանդ, որ ամսի 27-ին հեռարձակված հարցազրույցում Արարատ Միրզոյան ասել է՝ երրորդ կողմին վարձակալության տալու հարցը առայժմ չկա։ Այնպես, որ այստեղ մենք շատ լուրջ խնդիրների առաջ ենք կանգնած՝ անվտանգային, երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային ապականացման ռիսկերի տեսանկյունից»,–ասել է պատգամավորը։
Նա քննադատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքագիծը՝ այն անվանելով ոչ սկզբունքային և փոփոխական։ Նա ընդգծել է, որ վարչապետը հաճախ հակասում է ինքն իրեն՝ նույն թեմայի վերաբերյալ տարբեր ժամանակներում հնչեցնելով տարբեր հայտարարություններ։
Խաչատրյանը հիշեցրել է նաև Միացյալ Նահանգների և Հայաստանի հարաբերությունների օրինակով հակասական հայտարարությունները․ սկզբում՝ ռազմավարական գործընկերության բարձր գնահատականներ, իսկ ավելի ուշ՝ պնդումներ անվտանգության ռիսկերի մեծացման մասին։ Նրա խոսքով, նման քաղաքականությունը հանգեցնում է այն բանին, որ Հայաստանն իրականում չունի վստահելի բարեկամ պետություն։
Անդրադառնալով արտաքին քաղաքականության միաժամանակյա տարբեր ուղղություններին՝ պատգամավորը նշել է, որ միաժամանակ մի քանի հակասական գործընկերների հետ հարաբերություններ կառուցելը վտանգավոր է և պատմականորեն միշտ հանգեցրել է ձախողումների։
Անդրադառնալով ՀՀ արտաքին քաղաքականությանը, երբ միաժամանակ փորձ է արվում օրինակ հարաբերություններ հաստատել Հնդկաստանի և Պակիստանի հետ՝ Խաչատրյանն ասել է. «Եթե դու մի անկողնուց դուրս ես գալիս, քեզ գցում ես ուրիշ անկողին, հետո երրորդ անկողին, հետո չորրորդ անկողին, վերջին հանգրվանը պարզ է, չէ, որտեղ է լինում։ Եվ մենք ունենք բազմաթիվ օրինակներ համաշխարհային պատմությունից, երբ դու փորձել ես նստել 12 աթոռի վրա միաժամանակ, հետո այդ 12 աթոռները միաժամանակ այն կողմ են գնացել և դու հայտնվել ես գետնին։
Պետք է սկզբունքային լինել, պետք է սկզբունքային լինել և այս վիճակը, որում մենք հայտնվում ենք, որ մենք իրոք չունենք որևէ բարեկամ պետություն, որը պատրաստ լինի ասել՝ ձեր կողքը կանգնած են, այս ոչ սկզբունքային քաղաքականության ուղղակի հետևանքն է»:






