AM
1 Սեպտեմբեր 2025 - 11:31 AMT

Արցախից բռնի տեղահանված 38,030 քաղաքացի լքել է Հայաստանը, մի մասը վերադարձել է

2023 թվականի սեպտեմբերին Արցախից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար քաղաքացիներից 38,030-ը, այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ, լքել է Հայաստանի Հանրապետությունը։ Այդ մասին հայտնել են Ազգային անվտանգության ծառայությունից, տեղեկացնում է Factor.am-ը։

«Հայաստանի Հանրապետություն է վերադարձել 22,508-ը»,- հայտնել են ԱԱԾ-ից։

Ստացվում է, որ Հայաստանի Հանրապետություն չի վերադարձել Արցախից բռնի տեղահանված 15,522 քաղաքացի։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։