ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 1-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել և դրական եզրակացություն է ստացել «ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև «Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որով ԱԶԲ–ն Հայաստանին 45․3 մլն եվրո վարկ կտրամադրի առողջապահության բարելավման համար:
ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը նշել է, որ համաձայնագիրը արդյունքահենք վարկային ծրագիր է, որը նպատակ ունի բարձրացնել բժշկական օգնության և սպասարկման որակը։ Վարկային ծրագիրը համահունչ է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրին և առողջապահության համակարգի 2023-2026 թվականների ռազմավարությանը։
Վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի փետրվարի 28-ին։
Ծրագիրը ներառում է մի շարք ուղղություններ․
- առողջապահական հաստատությունների կառուցում և վերակառուցում,
- ծառայությունների որակի գնահատման ու հաշվետվողականության թվայնացում,
- բժշկական հաստատությունների լիցենզավորում,
- ոլորտի մարդկային կապիտալի զարգացում,
- հեռաբժշկության պիլոտային ծրագրի իրականացում,
- էլեկտրոնային առողջապահության գործիքների կիրառման ընդլայնում։
Նանուշյանը նշել է, որ ծրագրի մշակումը տևել է շուրջ երկու տարի, և արդեն իրականացվել են մի շարք նախապատրաստական քայլեր։ Ըստ նրա՝ նախատեսվում է կառուցել կամ վերակառուցել 24 բժշկական հաստատություն, որի համար կծախսվի 16․76 մլն եվրո։ Բացի այդ, կկազմակերպվի բժիշկների լիցենզավորման գործընթացը՝ ուղղված մարդկային կապիտալի զարգացմանը։
Նախագիծը ստացել է դրական եզրակացություն և ընդգրկվելու է ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի օրակարգում։






