ԵՄ դիտորդական առաքելությունն, ըստ իր մանդատի, շարունակում է գործել Հայաստանում, և այս պահին որևէ փոփոխություն դրա անհրաժեշտության հարցում չի առաջացել։ Այդ մասին հայտնել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը՝ անդրադառնալով հարցին, թե հնարավոր փոփոխություն կա՞ արդյոք այն բանից հետո, երբ Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագիրը նախաստորագրել են, հայտնում է «Ազատությունը»։
«Ինչպես ես գիտեմ՝ Հայաստանի ժողովուրդն ու իշխանությունները ողջունում են Եվրամիության առաքելությունը Հայաստանում: Այն շարունակում է իրականացնել իր գործունեությունը։ Եվ եթե որևէ փոփոխության անհրաժեշտություն լինի, մենք դա կքննարկենք մեր անդամ պետությունների և, իհարկե, Հայաստանի իշխանությունների հետ։ Բայց այս պահին ես ուզում եմ վստահեցնել հայ հասարակությանը, որ Եվրամիության առաքելությունը կշարունակի իրականացնել իր գործունեությունը իր մանդատի հիման վրա», – հայտարարել է ԵՄ դեսպանը։
Մարագոսին հարց է ուղղվել, թե Վաշինգտոնում տեղի ունեցած նախաստորագրման գործընթացից հետո քննարկվել է արդյոք սահմանային դիտորդների հնարավոր դուրսբերման հարցը։
«Պետք է ընդգծեմ, որ Հայաստանում Եվրամիության առաքելությունը այստեղ է գտնվում Հայաստանի իշխանությունների խնդրանքով, և այն կշարունակի մնալ այստեղ այնքան ժամանակ, որքան դրա անհրաժեշտությունը լինի։ Այն խաղաղության և կարգավորման գործիք է։ Եվ մենք լիովին սատարում ենք դրան»,–ասել է նա։
Օգոստոսի 8-ին, Հայաստանը և Ադրբեջանը Վաշինգտոնում նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը, համաձայն որի կողմերը պարտավորվել են խուսափել իրենց ընդհանուր սահմանին երրորդ կողմի ռազմական ուժերի տեղակայման քայլերից։
ԵՄ քաղաքացիական դիտորդները Հայաստան են ժամանել 2023 թվականի փետրվարի 20-ին։ 2024 թվականի հունվարին ընդունվել է որոշում, համաձայն որի դիտորդական առաքելությունն ընդլայնվել է ևս երկու տարով, ինչը նշանակում է՝ այն կգործի մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։
Բաքուն բազմիցս քննադատության է ենթարկել ԵՄ առաքելության գործունեությունը Հայաստանում՝ մեղադրելով այն «լրտեսության» և «հեռադիտակային դիվանագիտության» մեջ։ Այս բոլոր մեղադրանքները ԵՄ առաքելությունն ամբողջությամբ հերքել է։






