AM
1 Սեպտեմբեր 2025 - 12:52 AMT

Խումարյանն՝ իր դեմ քրգործի մասին. Բացարձակ շինծու է և իրականության հետ աղերս չունի

Հանրային ռադիոընկերության նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը, մեկնաբանելով Քննչական կոմիտեի կողմից տարածված հաղորդագրությունն իր դեմ հարուցված քրեական գործի մասին, ասել է, որ «այն շինծու է և իրականության հետ որևէ աղերս չունի»։

Նա նշել է, որ գործը վերաբերում է իր կողմից դատական կարգով Հանրային ռադիոընկերության տնօրենի մրցույթի հետևանքները դատական կարգով բողոքարկելու գործընթացին, հայտնում է Panorama.am-ը։

Խումարյանն ընդգծել է, որ իրեն առաջադրված մեղադրանքը բացարձակապես շինծու է։

«Այն իրականության հետ որևէ աղերս չունի։ Ավելին՝ այն ոչ այլ ինչ է, քան վարչական-քաղաքացիական ընթացակարգով զարգացող բողոքարկման գործընթացը քրեական գործիքակազմով տորպեդահարելու ամոթալի փորձ», – նշել է Հանրային ռադիոընկերության նախկին տնօրենը։

Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ Գարեգին Խումարյանին մեղադրանք է առաջադրվել կեղծ դատավարական փաստաթուղթ կազմելու համար։