AM
1 Սեպտեմբեր 2025 - 12:58 AMT

Սևանի հոգեկան առողջության կենտրոնի հոգեբույժը մի խումբ բնակիչներից կաշառք է ստացել

Սևանի հոգեկան առողջության կենտրոնի հոգեբույժը մի շարք բնակիչներից 2024 թվականի ապրիլ-հունիս ամիսների ընթացքում պահանջել և ստացել է մոտ 1 մլն 50 հզր ՀՀ դրամ և 5100 դոլար կաշառք, հայտնում է Քննչական կոմիտեն։

Մասնավորապես՝ Հ․Հ․-ն համայնքի մի քանի բնակիչների՝ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող որդիների օգտին գործողություններ կատարելու համար, այն է՝ կաշառքի դիմաց վերջիններիս զինվորական ծառայությունից ազատվելու գործընթացը կազմակերպելու նպատակով՝ օրենսդրությամբ սահմանված հիմք հանդիսացող հիվանդության առկայության պայմաններում, վերջիններիս հոգեկան առողջության վերաբերյալ ախտորոշում պարունակող փաստաթղթեր տալու և զինվորական ծառայությունից ազատող ախտորոշում ստանալու օրինական գործողությունների համար պահանջել և մաս-մաս ստացել է տարբեր չափերի կաշառք։

Նախաքննությամբ նաև պարզվել է, որ նշված անձը գումար է պահանջել քաղաքացիներից՝ Սևանի հոգեկան առողջության կենտրոնի հաշվառումից հանելու, առողջության վերաբերյալ տեղեկանքներ տրամադրելու, ՀՀ-ից բացակայելու դեպքում հաշվառումից հանված լինելու վերաբերյալ փաստաթղթեր տալու, ինչպես նաև հաշմանդամության կարգ ստանալու նպատակով և ամբուլատոր քարտերում այցելությունների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տվյալներ ներառելու դիմաց։

Հ․Հ․-ի նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում՝ առաջադրված մի շարք հոդվածների հիման վրա՝ Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (խոշոր չափերով կաշառք ստանալու երկու դրվագ), 435-րդ հոդվածի 1-ին մասով (կաշառք ստանալու երկու դրվագ), 272-րդ հոդվածի 1-ին մասով (մասնավոր ոլորտում կաշառք ստանալու երեք դրվագ), ինչպես նաև 272-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (մասնավոր ոլորտում կաշառք ստանալը՝ ապօրինի գործողության կամ անգործության համար՝ շահառուի կամ նրա կողմից նշված անձի օգտին)։

Որպես խափանման միջոց կիրառվել են բացակայելու արգելք, գրավ և պաշտոնավարման կասեցում։ Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ներկայացվել է հսկող դատախազին՝ հաստատման և դատարան ուղարկելու առաջարկությամբ։

Ծանուցում. հանցագործության մեջ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։