Արդարադատության նախկին փոխնախարար, սահմանադրական իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանը, մեկնաբանելով Մինսկի խմբի և դրա հետ կապված կառույցների լուծարման վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների համատեղ նախաձեռնությունը, որը ստորագրվել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, ասել է, որ Մինսկի խմբի լուծարումը որևէ կերպ դրական դիտարկել հնարավոր չէ, հայտնում է Sputnik Արմենիան։
Ըստ պայմանավորվածության՝ լուծարման ընթացքը մեկնարկել է սեպտեմբերի 1-ից և նախատեսվում է ավարտին հասցնել 2025 թվականի դեկտեմբերին։
Նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը լրջագույն հարված է Արցախի հարցի հայանպաստ կարգավորման հետագա հեռանկարներին։
Օրբելյանը հիշեցրել է, որ մի շարք միջազգային փաստաթղթերում անդրադարձ է կատարվել Արցախի կարգավիճակին, և այդ հարցը քննարկվել է նաև Մինսկի խմբի շրջանակում։ Ըստ նրա՝ այդ փաստաթղթերում հստակ ձևակերպված է, թե ինչ կերպով պետք է երաշխավորվի Արցախի իրավական կարգավիճակի հարցը և այնտեղ ապրող հայ բնակչության իրավունքների պաշտպանությունը։
«Դա կարող է հետագայում հանրաքվեի միջոցով լուծելի հարց լինել. կարող են լինել ինչ որ գործողություններ, այդ թվում`կարգավիճակի հետաձգում, բայց որ կարգավիճակի հարցը օրակարգային հարց է, դա միանշանակ է։ Սակայն, եթե ՀՀ իշխանություններն այդ բոլոր իրավունքների պաշտպանությունից հրաժարվում են, եթե Արցախ վերադարձի իրավունքը, խմբային իրավունքները օրակարգային հարցեր չեն, ապա միջազգային հարաբերություններում պետք չէ դիտարկել, որ միջազգային կազմակերպություններից որևէ մեկը դրանով կզբաղվի»,–ասել է Օրբելյանը։
Փորձագետն ընդգծել է, որ Ադրբեջանը փորձում է փակել Արցախի հարցը՝ այն վերջնականապես դուրս բերելով միջազգային օրակարգից և ուշադրությունը տեղափոխելով Զանգեզուրի հարցին, իսկ Հայաստանը, նրա դիտարկմամբ, փաստացի ընդառաջել է այդ մտադրություններին։
«Զանգեզուր եմ օգտագործում, որովհետև խոսքը միայն Սյունիքի մարզի մասին չէ, շատ ավելի լայն տարածքի մասին է՝ Սյունիք, Վայոց Ձոր, Գեղարքունիքի որոշակի հատվածներ»,– ասել է նա։
Օրբելյանը համոզմունք է հայտնել, որ Մինսկի խմբի լուծարումն այս փուլում չի կարելի ընկալել դրական բան՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մինսկի խմբի փակման գործընթացը գործնականում արդեն սկսվել է, մինչդեռ Վաշինգտոնում դեռևս միայն նախաստորագրվել է խաղաղության պայմանագիրը, և այդ փաստաթուղթն անգամ ամբողջությամբ համաձայնեցված չէ, քանի որ Ադրբեջանը շարունակում է առաջադրել լրացուցիչ պահանջներ ու դեռ հրաժարվում է վերջնական ստորագրումից։
ԵԱՀԿ գործող նախագահը և գլխավոր քարտուղարը ողջունել են Մինսկի խմբի փակման որոշումը։
Օրբելյանը կարծիք է հայտնել, որ եթե սկզբում եղել է Մինսկի խմբի լուծարման մտադրությունը, ապա ավելի տրամաբանական կլիներ այդ հայտարարությամբ հանդես գալ միայն այն ժամանակ, երբ խաղաղության պայմանագիրն ամբողջությամբ ստորագրված լիներ և մնացած հարցերը կարգավորված։
Իրավաբանի գնահատմամբ՝ Հայաստանի ներկա իշխանությունները որդեգրել են այն քաղաքականությունը, որն ըստ էության ենթադրում է «խաղաղություն՝ առանց Հայաստանի» մոտեցումը՝ գերադասելով ցանկացած գնով խաղաղության հասնել։ Այս տրամաբանության մեջ, օրինակ, Արցախի ներկայիս վիճակը կարելի է բնութագրել որպես ամենախաղաղը, քանի որ այնտեղ ռազմական գործողություններ չեն ընթանում։
«Մենք ունենալու ենք խաղաղություն, ուղղակի խաղաղության մեջ չի լինելու Հայաստանի Հանրապետություն և հայեր։ Հայաստանի Հանրապետությունը պետք է փոխի դիրքորոշումը, դրա համար միանշանակ անհրաժեշտ է ողջամիտ իշխանությունների առկայություն, ներքին համակարգերի և պետական կառուցվածքների վերականգնում։ Եվ միայն այդ դեպքում կձևավորվի քաղաքականություն, որը հնարավորություն կտա առաջ քաշել հայամետ օրակարգ»,–ասել է Օրբելյանը։
ԵԱՀԿ Մինսկի խումբը հիմնադրվել է 1992 թվականին՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի համանախագահությամբ։ 2022 թվականի ապրիլին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Վաշինգտոնը և Փարիզը հրաժարվել են շարունակել համագործակցությունը Մոսկվայի հետ՝ հայտնելով, որ այլևս չեն մասնակցի խմբի աշխատանքին։






