«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ «պետական պատվերը վերջացել է նաև երեխաների համար»։
Նա նշել է նաև, որ ՀՀ առողջապահության նախարարությունն առաջին հերթին տուգանել է պոլիկլինիկաներն ու ամբուլատորիաները՝ հիվանդանոցից դուրս մատուցվող դժվարամատչելի ախտորոշումների ուղեգրումների համար՝ «բազնաթիվ ամբուլատորիաներ պետք է 50,000 դրամ տուգանք վճարեն պետական բյուջե»։
«Այնուհետև բոլորին բանավոր հանձնարարվել է ուղեգրումները սահմանափակել, սակայն ամենացավալին այն է, որ սահմանափակվել է նաև 0-18 տարեկան երեխաներին ախտորոշման համար տրվող ուղեգրերը։
Եվ այսպես, դժվարամատչելի հետազոտությունների մասով՝ ԿՏ, ՄՌՏ և այլն, հերթագրումները արդեն մինչև ընթացիկ տարվա դեկտեմբեր ամսվա կես են հասել և պատժիչ գործողությունների շարքը ստեղծվել էր ուղեգրումների քանակը կրճատելու նպատակով: Այսինքն, որպեսզի փողը չգնա հիվանդի հետևից (այդպես էին զեկուցել վարչապետ Փաշինյանին՝ ներկայացնելով անսահմանափակ բյուջեի սկզբունքը ), պետք է հիվանդին չուղեգրել , քանի որ անկառավարելի ֆինանսավորման արդյունքում փողերը վերջացել են։
Հիշեցնեմ, որ տարեվերջին դեռ 3 ամիս կա։
Հ.Գ. Առաջարկում եմ վաղը Լենա Նանուշյանը ( համակարգող նախարարի տեղակալ) և Սամվել Խարազյանը (ՊԱԳ-ի պետ) մի ռիլ նկարահանեն (իրենք այդ գործը շատ են սիրում) ու բացատրեն, թե ինչու է «պետպատվերը վերջացել»։
Հ.Հ․Գ. Անահիտ Ավանեսյան,տեղակալդ չգիտի՞, որ պետական պատվերի տրամադրման խնդիրներ կան, ասում են առավոտյան մի քանի ժամ իրար հետ սուրճ եք խմում, վաղը գուցե սուրճի գավաթի շուրջ քննարկե՞ք այս հարցը», ասվում է գրառման մեջ։






