AM
2 Սեպտեմբեր 2025 - 08:42 AMT

Օսկանյան․ Պակիստանի հետ հարաբերությունների գինը հազարավոր կյանքերն են, ԼՂ–ն և 150,000 մարդու տեղահանումը

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման իրական գինը հազարավոր հայերի կյանքերն են, Լեռնային Ղարաբաղի կորուստը և 150,000 մարդու բռնի տեղահանումը։

Պակիստանը երեք տասնամյակ շարունակ հրաժարվում էր ճանաչել Հայաստանին Լեռնային Ղարաբաղի պատճառով։

«Ահա և վերջապես Հայաստանը և Պակիստանը ստորագրեցին դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունը՝ մի քայլ, որը ներկայացվում է որպես «ձեռքբերում»։ Պակիստանը երեք տասնամյակ շարունակ հրաժարվում էր ճանաչել Հայաստանին Լեռնային Ղարաբաղի պատճառով։ Իսկ հիմա, իբր, կարող ենք ունենալ «բարեկամական հարաբերություններ»։ Ինչ հիանալի դիվանագիտական հաղթանակ։

Չես կարող չմտածել՝ եթե հայ ժողովրդին ընտրություն առաջարկվեր՝ փաստացի անկախ հայկական Լեռնային Ղարաբաղի՞, թե Իսլամաբադի հետ դիվանագիտական կապերի միջև, ո՞րը կընտրեին։

Այդ ժպտացող լուսանկարների ետևում այս «հաջողության» իրական գինն է՝ հազարավոր հայերի կյանքեր, Լեռնային Ղարաբաղի կորուստ և 150,000 մարդու բռնի տեղահանում իրենց հայրենի հողից։ Բայց ոչինչ, առնվազն արձանագրություն ստորագրեցինք։ Սա հաստատ հիանալի կերևա ԱԳՆ տարվա ամփոփիչ հաշվետվության մեջ»,–ասվում է գրառման մեջ։

Օգոստոսի 31-ին հայտարարվել է Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին։

2025-ի մայիսին Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆը Լաչինում հայտարարել էր, թե, իբր «Ադրբեջանը ժամանակին հարձակման է ենթարկվել Հայաստանի կողմից» և որ «Թուրքիան ու Պակիստանը, սարի պես, կանգնեցին Ադրբեջանի կողքին»։