AM
2 Սեպտեմբեր 2025 - 09:09 AMT

Թովմասյան․ Արցախի հարցը չի փակվել, քանի դեռ գերիները չեն վերադարձել

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Արցախի հարցը չի՛ փակվել։

«Սեպտեմբերի 2-ը Արցախի անկախության օրն է։

Այսօր ցավով ենք արձանագրում, որ իշխանությունների ապիկարության հետևանքով Արցախը զրկվեց պետականությունից։

Բայց որևէ իշխանություն չի կարող ջնջել մեր ժողովրդի ազատության համար մղած պայքարի և հազարավոր նահատակների հիշատակը։

Արցախի հարցը չի՛ փակվել։ Մինչև գերի պահվող մեր հայրենակիցները չվերադառնան հայրենիք, ու քանի դեռ մեր պատմամշակութային ժառանգությունը վտանգված է օտար բարբարոսությունից, և մինչ մեզ «խաղաղություն» են պարտադրում՝ հայ ժողովրդի իրավունքների հաշվին, որևէ մեկը չի՛ կարող հայտարարել, թե ամեն ինչ ավարտված է։

Արցախը եղել է և մնալու է հայ ժողովրդի պայքարի ու արժանապատվության խորհրդանիշ:

Շնորհավո՜ր Ազատ, անկախ Արցախ….»,- նշել է Թովմասյանը։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։