Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն Արցախի Հանրապետության անկախության օրվան նվիրված իր ուղերձում նշել է, որ Արցախի անկախության տարեդարձն առիթ է թոթափելու հարմարվողական ու պարտվողական տրամադրությունները։
Նա հորդորել է բազմապատկել ջանքերը՝ միջազգային հանրության աջակցությամբ պաշտպանելու Արցախի մեր տեղահանված ժողովրդի իրավունքները, ոչնչացումից փրկելու հայկական հոգևոր-մշակութային բազմադարյա ժառանգությունը և հայրենիք վերադարձնելու գերեվարվածներին։
«Այսօր սեպտեմբերի 2-ն է՝ Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրը, որը դիմավորում ենք մեր կրած կորուստներից ամոքման հույսով, Աստծո զորակցության հավատով։
Արցախի անկախության երեսուներորդ տարեդարձի նախասեմին՝ 2020-2023 թվականներին, ողբերգական իրադարձություններ ծավալվեցին։ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի և ցեղասպանական գործողությունների հետևանքով բռնազավթվեց և ամբողջապես հայաթափվեց հայոց Արցախ աշխարհը, հազարավոր հայորդիներ զոհվեցին, պղծվեցին ու ոչնչացվեցին բազմաթիվ սրբավայրեր, և մինչ այսօր Բաքվում շարունակում են պատանդ մնալ Արցախի պետական այրեր և զինվորականներ։
Այս նվիրական օրը մեր խոնարհումն ենք բերում Արցախի անկախության, արցախահայության ապահովության համար ամենաթանկագինը՝ իրենց կյանքն ընծայած մեր քաջորդիների հիշատակի առաջ։
Մեր աղոթքն ենք բարձրացնում առ Աստված՝ հայցելով շուտափույտ վերադարձ գերյալ և անհետ կորած մեր զավակներին, խաղաղություն մեր երկրին ու ժողովրդին։
Բարձր ենք գնահատում բոլոր երկրների և միջազգային կառույցների ջանքերը, որոնք շարունակվում են ուղղված մնալ Արցախի ողբերգական պատերազմի ծանր հետևանքների հաղթահարմանը, տարածաշրջանում սպառնալիքներ ու պարտադրանք բացառող կայուն և երկարատև խաղաղության հաստատմանը։
Արցախի Հանրապետության անկախության տարեդարձը հիշարժան առիթ է՝ արտահայտելու խաղաղության գաղափարին մեր ժողովրդի նվիրվածությունը, թոթափելու նաև հարմարվողական ու պարտվողական տրամադրությունները՝ արժանապատվորեն հաղթահարելու համար մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներն ու փորձությունները։
Հայրապետական մեր հորդորն է, որ բազմապատկենք մեր ջանքերը՝ միջազգային հանրության աջակցությամբ պաշտպանելու Արցախի մեր տեղահանված ժողովրդի իրավունքները, ոչնչացումից փրկելու հայկական հոգևոր-մշակութային բազմադարյա ժառանգությունը և հայրենիք վերադարձնելու գերեվարված մեր զավակներին։
Համախմբվենք հանուն մեր պետականության զորացման ու ամրապնդման, մեր երկրի տարածքային ամբողջականության անխախտելիության պահպանման։ Անաղարտ պահենք հայկական մեր ինքնությունն ու ազգային արժեքները՝ հուսառատ մեր հայացքը միշտ ուղղելով դեպի մեր կյանքի շնորհաբեր ապագան։
Աղոթում ենք, որ Աստծո ողորմությամբ վերականգնվի արդարությունը, և մեր ազգի զավակներն ապրեն խաղաղության ու բարօրության մեջ: Թող Աստված պահապան լինի մեր երկրին ու ժողովրդին ի Հայաստան և ի Սփյուռս: Ամեն»,–ասվում է ուղերձում։
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։






