ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2025 թվականի ամառային զորակոչի ընթացքում զորակոչիկներից, նրանց ընտանիքների անդամներից և փաստաբաններից ստացել է ընդհանուր 123 դիմում՝ թե՛ գրավոր, թե՛ բանավոր ձևով:
Նշված դիմումներից 41-ը քննարկման է առնվել գրավոր ընթացակարգով, 12 դեպքում իրականացվել է անհապաղ արձագանքում, իսկ մնացած 70 քաղաքացիներ ստացել են խորհրդատվություն Պաշտպանի աշխատակազմի կողմից՝ իրենց հարցերի լուծման հնարավոր ուղիների վերաբերյալ:
Այս զորակոչին ստացված բողոքների զգալի մասն առնչվել է բժշկական հանձնաժողովների կողմից տրված եզրակացությունների հետ անհամաձայնությանը և այդ որոշումների բողոքարկման ընթացակարգերին, ինչպես նաև կրկնակի կամ վերահսկող հետազոտությունների կազմակերպման անհրաժեշտությանը։
Դիմումների այլ շրջանակում քաղաքացիները բարձրացրել են հարցեր՝ կապված կրթության, գիտության ու սպորտում ունեցած կարևոր ձեռքբերումների հիմքով տարկետման ստացման, այլընտրանքային ծառայության անցման, բժշկական փաստաթղթերի ձեռքբերման և այլ նմանատիպ իրավիճակների հետ:
Պաշտպանի գրասենյակը ամառային զորակոչի ամբողջ ընթացքում գործել է ըստ մշակված հստակ մեթոդաբանության՝ մի քանի հիմնական ուղղություններով՝ բողոքները վերլուծվել և քննության են առնվել հնարավորինս սեղմ ժամկետներում, ինչի արդյունքում իրավասու մարմիններին ուղարկվել են գրություններ՝ պարզաբանումների պահանջով և կոնկրետ առաջարկություններով:
Արագ արձագանքման շրջանակում քննարկումներ են նախաձեռնար զինկոմիսարիատների, պաշտպանության նախարարության, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ինչպես նաև համապատասխան ստորաբաժանումների ու առողջապահական հաստատությունների հետ:
Կենտրոնական բժշկական հանձնաժողովի հետ պարբերաբար անցկացվել են հանդիպումներ՝ վերաբերող զորակոչիկների բժշկական փորձաքննություններին, կրկնակի և վերահսկողական հետազոտություններին ու այլ կարևոր խնդիրների:
Նշվել է, որ վերջին շրջանում զորակոչին առնչվող անհատական գործերով աշխատանքների արդյունավետությունը զգալիորեն աճել է, դրական լուծում ստացած գործերի թիվն էլ՝ ավելացել:
Միևնույն ժամանակ արձանագրվել է, որ ոլորտում առկա են մի շարք խնդիրներ, այդ թվում՝ համակարգային բնույթ կրող, որոնց լուծման համար անհրաժեշտ է պետական մարմինների համագործակցությամբ իրականացվող համատեղ աշխատանքներ և հնարավորինս արագ արձագանքման մեխանիզմների ներդրում։ Այս ամենը կարող է նպաստել զորակոչի գործընթացում մարդու իրավունքների պատշաճ պաշտպանության ապահովմանը:
Այս ուղղությամբ Պաշտպանը ներկայացրել է կոնկրետ առաջարկություններ իրավասու պետական կառույցներին, իսկ հարցը ներառվել է նաև իր տարեկան հաշվետվությունում՝ մանրամասն վերլուծությամբ:






