AM
2 Սեպտեմբեր 2025 - 10:08 AMT

Եռաբլուրում բացվել է «Արցախի կանչ» հուշակոթողը

Սեպտեմբերի 2–ին՝ Արցախի Հանրապետության Անկախության հռչակման օրը, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի է ունեցել «Արցախի կանչ» հուշակոթողի բացումը։

Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ օրհնվել են հուշակոթողի խաչքարերը, հայտնում է Sputnik Արմենիան։

Հուշակոթողը նվիրված է Արցախյան բոլոր պատերազմների զոհերի, Արցախում հուղարկավորվածների, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակին։ Հուշահամալիրի ստեղծման մտահղացման հեղինակն Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն է, որը նախաձեռնության է վերածել Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը։ Հուշահամալիրի կառուցումը ֆինանսավորել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանն ընտանեկան միջոցներից։ Հուշարձանի տարածքը տրամադրել է իշխանությունը։

Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը «Արցախի կանչ» հուշահամալիրի բացման ժամանակ շեշտել է, որ դրա խաչքարերն ընդամենը քանդակված քարեր չեն, այլ միաժամանակ մեր ազգի հավաքական ցավի ու հպարտության խորհրդանիշը:

«Սիրո, կարոտի, հիշողության և հավատարմության աստվածադիր զգացումներն այսօր վերստին համախմբել են ամենքիս «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ միասնական աղոթքով նվիրագործելու Արցախին նվիրված այս հոյակերտ հուշահամալիրը։ Եռաբլուրը, որ կարող ենք կոչել նաև քաջերի բլուր, ստեղծվել է Արցախյան գոյապայքարին զուգահեռ՝ երկրավոր վերջին հանգրվան դառնալով հազարավոր հայորդիների և ուխտավայր՝ ամբողջ հայ ժողովրդի համար։ Հարության հույսով այստեղ հանգստացող մեր նահատակներն ամեն օր շշնջում են յուրաքանչյուր գիտակից հայի ականջին, որ հայրենիքն ավելին է, քան միայն տեսանելի իրականությունը»,- ասել է Տեր Վրթանեսը։

Նա հավելել է, որ հենց այդ տեսլականով են Եռաբլուրում հանգչող հերոսները մուտք գործել մարտի դաշտ՝ ունենալով գիտակցված ու սրբազան առաքելություն:

Հիշեցնենք, որ այսօր՝ Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրը, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի է ունեցել «Արցախի կանչ» հուշակոթողի հանդիսավոր բացումը։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։