«Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման արարողության ընթացքում, Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը, լրագրողների հետ զրույցում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս ճանաչելու և մնացած քաղաքական քայլերն իրականացվում են ՀՀ քաղաքացու կողմից տրված մանդատի շրջանակում, հայտնում է Aysor.am-ը։
Ըստ նրա՝ արցախցիների կողմնորոշումը կախված է ՀՀ քաղաքացիների ընտրությունից:
«Եվ ինքը ասում է․ եթե դուք դեմ եք այն ամենին, ինչ անում եմ, հեռացրեք և շարունակեք առանց ինձ։ Այս պարագայում ես համարում եմ, որ ցանկացած ՀՀ քաղաքացի՝ անկախ նրանից մասնակցել է ընտրություններին, ընտրել է այդ քաղաքական ուժին, կրում է իր բաժին պատասխանատվությունը։ Ես հուսով եմ, որ առաջիկա հնարավորության դեպքում, նկատի ունեմ՝ ընտրությունների ժամանակ, ՀՀ քաղաքացին իր խոսքը կասի, և ըստ դրա մենք՝ որպես Արցախի իշխանության ներկայացուցիչներ, արցախցիներ, ևս կկողմնորոշվենք այդ հարցում»,– ասել է նա։
Շահրամանյանը նշել է նաև, որ հուշահամալիրը լինելու է սրբավայր ոչ միայն արցախցիների, այլ նաև ամբողջ հայության համար։ Նա համոզմունք է հայտնել, որ այստեղ այցելությունները սահմանափակ չեն լինելու միայն հիշատակի օրերով. մարդիկ կգան նաև տոնական օրերին, անգամ՝ կյանքի կարևոր պահերին, ինչպես օրինակ՝ հարսանեկան արարողությունների ժամանակ։
Նա հավելել է, որ դժվար է խոսել մի վայրում, որտեղ հանգչում են հերոսներ, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել Հայաստանի և Արցախի Հանրապետություններ ունենալու համար, հայտնում է Sputnik Արմենիան։
«Ցավոք, մենք հայտնվել ենք դաժան իրականության մեջ։ Իրականությունն այն է, որ Արցախը համարվում էր թոկ ՀՀ վզին, որից պետք էր ազատվել, որպեսզի ստանային հնարավորություն Հայաստանի անկախություն, ինքնիշխանությունը պահպանելու համար»,- ասել է Շահրամանյանը։
Նա ընդգծել է, որ Եռաբլուրում հանգչող բազմաթիվ հերոսներ իրենց կյանքը նվիրել են հանուն Արցախի պաշտպանության, մինչդեռ այսօր հազարավոր արցախցիներ հայտնվել են անտուն՝ իրենց իսկ հայրենիքում փախստականի կարգավիճակով։
Ամփոփելով իր խոսքը՝ Արցախի նախագահն ընդգծեց, որ միշտ պետք է մտքում պահել Արցախ վերադառնալու հավաքական երազանքը, ու այն մի օր իրականություն է դառնալու։
1991 թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, որի ժամանակ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիր ընդունվեց։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ օրը ԼՂՀ բնակչության 80%-ը մասնակցեց հանրաքվեին, որոնց 99%-ից ավելին քվեարկեց հօգուտ անկախության։






