AM
2 Սեպտեմբեր 2025 - 10:45 AMT

Այվազյան․ Մեզ առաջարկում են ոչ թե խաղաղություն, այլ մեղսակցություն

ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը «Արցախ․ չկարգավորված հակամարտություն, վերադարձի իրավունք» խորագրով խորհրդաժողովի ընթացքում հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները, Արցախի էջը փակելով, առաջարկում են ոչ թե խաղաղություն, այլ մեղսակցություն։

Նրա համոզմամբ, իշխանությունները փորձում են շեղել հանրության ուշադրությունը ցավից ու պատմական պարտությունից՝ այդ գործընթացը վերածելով ազգային ինքնության վերաձևակերպման։ Նա ընդգծել է՝ նպատակն այն է, որ հայ ժողովուրդը ընդունի ոչ միայն տարածքային կորուստը, այլև բարոյական ու հոգևոր պարտությունը, հայտնում է Sputnik Արմենիան։

«Մեզ ասում են, թե միայն Արցախից հրաժարվելով՝ կարող էինք պահպանել մեր ինքնիշխանությունն ու երաշխավորել մեր ապագան։ Սակայն այս պնդումը, որը կրկնվում է որպես աստվածաշնչյան պատգամ, ոչ միայն կեղծ է, այլև բարոյապես սնանկ և կույր պատմականորեն։ Ինքնիշխանությունը չի ապահովվում՝ զոհաբերելով ժողովրդի մի հատվածի, տարածքային ամբողջականությունը չի երաշխավորվում՝ խրախուսելով ագրեսիան, ազգը չի պաշտպանվում՝ ջնջելով նրա հիշողությունը»,- ասել է Այվազյանը։

Նա ընդգծել է, որ պատմությունը հնարավոր չէ ջնջել, քանի որ այն գրված է արյամբ, մշակույթով ու հիշողությամբ։ Արցախի դեպքում, ըստ նրա, խոսքը միայն տարածքի մասին չէ․ այն ժողովրդի ինքնության, դիմադրության և գոյապայքարի խորհրդանիշ է, որը շարունակում է ապրել թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում։

Արա Այվազյանի գնահատմամբ՝ չնայած աշխարհաքաղաքական պայմանները փոխվել են, սակայն մարդկային իրականությունը մնում է նույնը։ Մինչև արցախցիների իրավունքները, արժանապատվությունն ու պատմությունը չհարգվեն, հարցը չի կարող համարվել փակված։

Նա անդրադարձել է նաև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթին՝ նշելով, որ այն ոչ միայն օրինականացրել է ուժի կիրառումը, այլև խրախուսել է էթնիկ զտումները՝ միաժամանակ անտեսելով Արցախի հայկական ինքնության և ժառանգության նպատակային ոչնչացումը։ Ըստ նրա՝ այդ պայմանագրով որևէ փոխհատուցում չի սահմանվել բռնի տեղահանվածների համար, արդարադատություն՝ զոհերի, կամ պատասխանատվություն՝ մեղավորների մասով։

«Սա խաղաղություն չէ․ սա անարդարության մոդիֆիկացման փորձ է, հետևաբար Արցախի խնդիրը լուծված չէ, էջը փակված չէ»,- ասել է Այվազյանը՝ շեշտելով, որ դեռ առկա են միջազգային գործիքներ, որոնք կարող են կիրառվել ի պաշտպանություն Արցախի և նրա բնակչության։

Նա հանդես է եկել առաջարկությամբ՝ ստեղծել պաշտպանության միջազգային ցանց, որը կընդգրկի տարբեր ոլորտների մասնագետների՝ իրավաբաններից մինչև քաղաքական վերլուծաբաններ, ովքեր պատրաստ են գործել Արցախի հարցը միջազգային հարթակում օրակարգում պահելու նպատակով։

Օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում ստորագրել են համատեղ հռչակագիր, որը բաղկացած է յոթ կետից։ Դրա շրջանակում նախատեսվում է ստեղծել ռազմավարական տարանցիկ ճանապարհ՝ Սյունիքի մարզով անցնող «Թրամփի ուղի» (TRIPP) անվանմամբ, որը ԱՄՆ-ին կտրվի վարձակալությամբ 99 տարով՝ հետագա նույն ժամկետով երկարաձգման հնարավորությամբ։ Այդ ճանապարհն Ադրբեջանին կապահովի առևտրային մուտք դեպի Նախիջևան։

Նույն միջոցառման ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը՝ երկու երկրների ու ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ։