AM
2 Սեպտեմբեր 2025 - 12:32 AMT

Ստեփանյան․ Եղել են երկրներ, որոնք կարող էին վետո կիրառել ՄԽ լուծարման վրա, բայց ՀՀ իշխանություններն ինտենսիվ աշխատել են, որ նման բան չլինի

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը «Արցախ․ չկարգավորված հակամարտություն, վերադարձի իրավունք» խորագրով խորհրդաժողովի շրջանակում լրագրողներին ասել է, որ Հայաստանը և Ադրբեջանը ոչ միայն դիմել են ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու նամակով, այլ նաև ինտենսիվ աշխատանք են տարել տարբեր պետությունների հետ, որ հանկարծ որևէ պետություն վետոյի իրավունք չունենա, այդ թվում՝ նաև Հայաստանը։

«Ես ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ եղել են երկրներ, որոնց հետ մեր աշխատանքի արդյունքում կարող էր վետո կիրառվել, բայց վերջին պահին չի եղել դա, որովհետև, ինչպես արդեն նշեցի, ինտենսիվ աշխատանք է տարվել այդ ուղղությամբ», հայտնում է «Փաստինֆոն»։

Նա նշել է, որ Արցախի ժողովրդի վերադարձի հարցում ունի հստակ ձևակերպված «պլան-մինիմում», որը, ըստ նրա, պետք է սկսվի միջազգային հարթակի ձևավորումից, որտեղ կկարողանան մասնակցել Արցախի ներկայացուցիչները, Ադրբեջանը և միջազգային

«Ցավով պետք է արձանագրեմ, որ նաև երեկ պարզ դարձավ, որ լուծարվել է Մինսկի խումբը, որը թեև «դե-ֆակտո» արդեն երկար ժամանակ չէր գործում, բայց «դե-յուրե» հանդիսանում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարթակ»,–նշել է նա։

Խոսելով վերադարձի հնարավոր պայմանների մասին՝ նա կարևորել է անվտանգությունը, արժանապատիվ կյանքը, իրավական պաշտպանվածությունն ու միջազգային ներկայությունը։ Նա շեշտել է, որ եթե ադրբեջանական իշխանությունների ներքո հնարավոր լիներ ապահովել Արցախի բնակչության անվտանգությունն ու իրավունքները, ապա տեղահանություն և բռնություն չէր լինի։ Նրա խոսքով՝ պատերազմն ու բռնի տեղահանությունը ցույց են տվել, որ Ադրբեջանը ի վիճակի չէ միայնակ երաշխավորել այդ պայմանները։ Միևնույն ժամանակ, ըստ Ստեփանյանի, արցախցիներն ունեն իրավունք այդ տարածքի նկատմամբ, և միջազգային հանրությանը անհրաժեշտ է շարունակաբար հիշեցնել, որ այս ժողովուրդը ենթարկվել է ցեղասպանության։

Նա պատասխանել է նաև այն հարցին, թե ով պետք է միջազգային հանրությանը ներկայացնի վերոնշյալ հարցերը։ Ըստ Ստեփանյանի՝ տարբեր պետություններ հաճախ արձագանքում են, որ չեն կարող լինել Հռոմի պապից ավելի կաթոլիկ։

«Այսինքն, մենք չենք կարող հայ ժողովրդից ավելի հայ ժողովրդի համար մտածել։ Սա է իրականությունը, ապրում ենք այս իշխանությունների ժամանակահատվածում, և նաև այդ առումով ինձ համար նաև պլան մինիմումը այն է, որ մինչև Հայաստանի Հանրապետությունում այնպիսի իշխանությունների ձևավորումը, որոնք որ պետական մակարդակով առաջ կմղեն այս հարցը՝ անել ամեն ինչ, որ չփակվի այդ հարցը»,-ասել է Ստեփանյանը։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։