Սեպտեմբերի 2-ին, «Բլեդ ռազմավարական համաժողովի» շրջանակում, Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն հանդիպում է ունեցել Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարության պետքարտուղար Մելիտա Գաբրիչի հետ։ Տեղեկությունը փոխանցում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և Սլովենիայի միջև ձևավորված քաղաքական երկխոսության մակարդակը՝ կարևորելով երկկողմ շփումների շարունակականության ապահովումը և խորացումը։
Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձ են կատարել երկու երկրների միջև տնտեսական, ներդրումային, կրթական, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին։ Վահան Կոստանյանը շնորհակալություն է հայտնել Սլովենիայի կողմից Հայաստանում իրականացվող հումանիտար ծրագրերի համար։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ հարաբերություններին, և այդ համատեքստում առանձնապես կարևոր է համարվել Սլովենիայի փորձի ուսումնասիրությունը՝ կապված Եվրամիության անդամակցության գործընթացի հետ։
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը ներկայացրել է Վաշինգտոնում կայացած բանակցությունների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև Հայաստանի մոտեցումը խաղաղության հաստատման ուղղությամբ նախատեսվող քայլերի շուրջ։






