Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը Եռաբլուրում՝ Արցախի անկախության օրվա միջոցառումների ժամանակ, անդրադարձել է Բաքվում պահվող ռազմաքաղաքական ղեկավարների և գերիների վերադարձի խնդրին:
Շահրամանյանը նշել է, որ ակնկալում են միջազգային գործընկերների աջակցությունը, հայտնում է Aysor.am-ը։
«Վերջերս ԱՄՆ նախագահն է խոսել, որ անձամբ կխնդրի Ադրբեջանի նախագահին, և հույս ունենք, որ նա դա կանի»,–ասել է նա։
Շահրամանյանը շեշտել է, որ գործընթացում մեծ դերակատարում ունեն Հայաստանի իշխանությունները։
«Նրանք մեզ վստահեցնում են, որ մշտական աշխատանք է իրականացվում այդ ուղղությամբ, բայց մինչև տեսանելի արդյունք չլինի, չի կարելի համարել, որ դա բավարար է»,–ասել է նա։
2023 թ․ սեպտեմբերին, Արցախում իննամսյա շրջափակումից և ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո, Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին և մի շարք այլ նախկին ղեկավարների։ Նրանց ներկայացված կեղծ մեղադրանքները կարող են հանգեցնել նույնիսկ ցմահ ազատազրկման։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել է Արցախի ղեկավարների գործով շինծու դատավարությունը։






