«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է դավաճանության գործով անցնող ԱԳՆ աշխատակցին՝ նշելով, որ իրավիճակը չի կարելի դիտարկել միայն սև ու սպիտակ գույներով։
«Իսկ կարո՞ղ է դավաճանության գործով անցնող ԱԳՆ աշխատակից աղջիկը անգամ չգիտեր, որ իր զուգընկերը ադրբեջանցիների վրա է աշխատում:
Իսկ կարո՞ղ է այդ աղջիկը չտրվեր զուգընկերոջ հետ սեքսի կադրերը հրապարակելու (ծնողներին ուղարկելու) ադրբեջանցիքի ենթադրյալ շանտաժին, եթե մեր հասարակությունը այդքան հիվանդագին չվերաբերվեր սեքսին:
Իսկ կարո՞ղ է այս ամենը չլիներ, եթե ԱԳՆ-ում կադրերի հետ աշխատել իմանային ու լիներ օտարերկրյա ռոմանտիկ կապերի մասին հայտնելու կարգ:
Իսկ կարո՞ղ է այդ աղջկան ևս վերջը արդարացնեն, ինչպես դավաճանությունների գործերով անցնող բազմաթիվ այլ «սկանդալային» ձերբակալությունների հերոսների:
Հ.Գ. Այո, տեսականորեն նաև հնարավոր է, որ այդ աղջիկը լավ էլ գիտակցված ու ցանկանալով գաղտնիքներ է վաճառել: Բայց փորձս հուշում է, որ ամեն ինչ այդքան էլ սև ու սպիտակ չի լինում»,- գրել է Իոաննիսյանը։
Քննչական կոմիտեն տեղեկացրել է՝ ՀՀ ԱԳՆ աշխատակցի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանություն)։






