AM
2 Սեպտեմբեր 2025 - 14:57 AMT

Սերժ Սարգսյանի գործով դատախազը պահանջել է բռնագանձել մոտ 4 մլրդ դրամ

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատախազը պահանջեց հօգուտ պետության բռնագանձել մոտ 4 մլրդ դրամ։

«Սերժ Սարգսյանից հօգուտ պետության բռնագանձել 3 մլրդ 337 մլն 557 հազար դրամ։ Բացի այդ, Սարգսյանին ներկայացված մեղադրանքի 4-րդ դրվագով, որը վերաբերում է նաև մեղադրյալ Վալերի Գրիգորյանին, հօգուտ ՀՀ պետական բյուջեի համապարտության կարգով բռնագանձել 76 մլն 852 հազար ՀՀ դրամ։ Բացի այդ, Սերժ Սարգսյանի գործով 17-րդ դրվագով, որը նաև Ալեքսան Ալեքսանյանին ներկայացված մեղադրանքներից է, համապարտության կարգով բռնագանձել 526 մլն 520 հազար ՀՀ դրամ»,– ասել է դատախազը, հայտնում է Sputnik Արմենիան։

Մեղադրող կողմը նաև դատավորին միջնորդել է ձեռնարկել գույքային հայցն ապահովելու միջոցներ։

Պաշտպան Ամրամ Մակինյանն արձագանքել է մեղադրողի խոսքերին՝ ընդգծելով, որ վերջինս իր բառապաշարով խախտել է անմեղության կանխավարկածը, հայտնում է Panorama.am-ը։

«Հանրային մեղադրող Գորիկ Հովակիմյանի կողմից գույքային հայցը ներկայացնելիս, մեր շեշտադրումներով, ձևակերպումներ էին կատարվում հետևյալի մասին՝ հանցակիցներ, հանցակիցների կողմից նախապես մշակված հանցավոր սխեմա, հանցակիցների կողմից հանցավոր գործողությունների քողարկում, հանցակիցների կողմից ձեռք բերված նախապես պայմանավորվածություն և այլն։

Այս պահի դրությամբ անմեղության կանխավարկածը ուժի մեջ է, անմեղության կանխավարկածի սկզբունքի համաձայն՝ հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Բայց իմ հարգելի գործընկերն անընդհատ ասում էր՝ հանցակիցներ, հանցավոր սխեմա և այլ…

Ինչ է ասում Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն այս հարցի վերաբերյալ՝ անմեղության կանխավարկածի չպահպանումը կարող է խաթարել արդարության գործընթացը, նաև ձևավորել անձի մեղավորության մասին որպես հաստատված փաստի մասին հասարակական ընկալում կամ նպաստել դրան։ Սա հենց այդ դեպքն է։

Սա անմեղության կանխավարկածի կոպտագույն խախտում է, սա բացարձակ անթույլատրելի է»,–ասել է նա։

Դատական հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 22-ին` ժամը 16։00-ին։

Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել 18 դրվագ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու, 2 դրվագ պաշտոնական դիրքն օգտագործելով յուրացված գույքի օրինականացման և 3 դրվագ փողերի լվացմանն օժանդակելու համար՝ կապված Իսակովի պողոտայի և «Եռաբլուրի» հարակից հողատարածքների օտարման գործարքների հետ։