AM
3 Սեպտեմբեր 2025 - 06:49 AMT

Մովսես Հակոբյանը իրատեսական է համարում արցախահայության վերադարձը

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը իրատեսական է համարում արցախահայության վերադարձը: Արցախցի Մովսես Հակոբյանի կարծիքով, պետք է միայն մարդկանց համոզել, որ այդ գաղափարը կենսունակ է։

Ազատության հրապարակում, որտեղ սեպտեմբերի 2–ին կայացել է Արցախի անկախության օրվան նվիրված հանրահավաք, լրագրողների հետ զրույցում Հակոբյանն ասել է, որ վերադարձը պատիվ ու արժանապատվություն կբերի, հայտնում է Sputnik Արմենիան։

Հակոբյանը վստահեցրել է, որ գաղափարը կարող է դառնալ կենսունակ, եթե մարդկանց մեջ ձևավորվի հստակ համոզմունք դրա վերաբերյալ։ Նա ընդգծել է, որ առաջնային քայլը պետք է լինի հասարակության մեջ վստահություն ձևավորելը։

Ի պատասխան հարցին՝ հնարավո՞ր է արդյոք Հայաստանում իշխանափոխություն, գեներալը հստակ նշել է, որ ժողովրդավարական ճանապարհից շեղվելու տարբերակ չկա. «Ընտրություններին այլընտրանք չկա»։

Նա նաև անդրադարձել է իր հարաբերություններին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ, ով իր զարմիկն է և ներկայիս վարչապետի մերձավոր դաշնակիցը։

Մովսես Հակոբյանն ասել է. «Նրա հետ չեմ շփվում»։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։