Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ասել է, որ որպես կառավարության անդամ՝ ինքն էլ է կառավարության մի մաս ու չի տեսնում հակասություն վարչապետի խոսքերի հետ։
«Մենք` կառավարության անդամներս, կառավարության անդամներ ենք, իսկ վարչապետը վարչապետն է և ղեկավարում է կառավարությունը»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի «կառավարությունը ես եմ» ձևակերպումը, հայտնում է Panorama.am-ը։
Նրա խոսքով, կառավարության անդամների և ղեկավարի սահմանադրական կարգավիճակը, ըստ էության, հստակ է, այդ առումով մանիպուլյացիաներ պետք չէ անել։
Դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանը հստակ ասել է՝ «կառավարությունը ես եմ», Գալյանը պատասխանել է. «Ես էլ եմ կառավարությունն ինչ-որ առումով, մետաֆորիզմ կա այդտեղ, որովհետև ես կառավարության անդամ եմ, կառավարության անդամ են նաև այլ նախարարներ և հավաքական առումով մենք բոլորս, այո, կառավարություն ենք:
Ես կառավարության անդամ եմ, մենք ունենք քաղաքական թիմ, որ եկել է իշխանության, մեր խոսքը, միտքը և գործը մեկ պետք է լինի և վարչապետի կողմից ասածը հենց դրա մասին է»։
Օգոստոսի 28–ի կառավարության նիստից հետո ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է․ «Կառավարությունը ես եմ, որևէ մեկը չի կարող իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենալ, ընդհանրապես, եթե Կառավարությունում մարդիկ կան, որոնք իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունեն, հենց հիմա թող դիմում գրեն ու շենքերից դուրս գան, եթե՝ ոչ, ապա ես ինքս նրանց կհանեմ»։






