AM
3 Սեպտեմբեր 2025 - 09:26 AMT

Կարապետյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 8-ին

Հայտնի գործարար, բարերար Սամվել Կարապետյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 8-ին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Արամ Վարդևանյանը։

Ըստ նրա՝ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումն անվիճելի է։

«2025 թվականի հունիսի 17-ին գործադիր իշխանության ղեկավարի կողմից կատարվեց հետևյալ ֆեյսբուքյան գրառումը. «Հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ»: Այս արտահայտությունն ակնհայտ էր, որ ուղղված էր կոնկրետ անձի և այդ արտահայտությունից ժամեր անց գործարար, բարերար Սամվել Կարապետյանն ակնհայտ ապօրինի կերպով կալանավորվեց և մինչ օրս կալանավորված է:

Մասնագիտական հանրույթից յուրաքանչյուրին կարելի է հարցնել՝ «Մենք մեր ձևով կմասնակցենք Եկեղեցու պաշտպանությանը» արտահայտությունը կարող է քրեական վարույթ նախաձեռնելու առիթ հանդիսանալ, կամ առավելևս անձի կալանքի պայմանը բավարարել, թե ոչ: Այս հարցերն ունեն միանշանակ պատասխաններ. 1) օրինական չէ քրեական վարույթը, 2) քրեական օրենսգրքի հատուկ մասի որևէ հոդվածի հետ չկա՝ որևէ առնչություն, 3) ակնհայտ անօրինական է կալանքը: Այս միանշանակ պատասխանների իրացման խոչընդոտը՝ հունիսի 17-ի հայտնի հայտարարությունն է: Հենց դրանում է Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդման անվիճելիությունը, հենց դրանում է վրեժխնդրությունը և կալանքը որպես պատիժ իրացումը իրավապահների կողմից, չնայած ակնհայտ և տարբեր տեղական, միջազգային պարտավորություններին որոնք դա՝ ուղիղ արգելում են:

Շուրջ 80 օր շարունակվող կալանքի ակնհայտ ապօրինի և սնանկ լինելու վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննությունը պարզ չէ ինչու, բայց իրականացվում է գրավոր ընթացակարգով, իսկ դատական ակտի հրապարակման օրն է՝ սեպտեմբերի 8-ը»,–ասվում է գրառման մեջ։

Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը կալանավորվել է երկու ամսով և տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ` «ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալnւն ուղղված հրապարակային կոչի» մեղադրանքով։ Դրանից մի քանի ժամ առաջ Կարապետյանը հանդես էր եկել Հայ Առաքելական եկեղեցուն աջակցող հայտարարությամբ․«Ես մեր եկեղեցու, մեր ժողովրդի կողքին եմ: Ինչքան էլ փորձեն սևացնել, ոչ մի էլեկտրական ցանց… թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլցանցի վրա էլ: Ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվեցին»։

Ի պատասխան Փաշինյանը գրել էր․ «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»: Ավելի ուշ նա հավելել է, որ ՀԷՑ–ը պետք է պետականացվի և շատ արագ։