Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի հանձնարարությամբ, շահումով խաղեր ու վիճակախաղեր իրականացնող ընկերությունները մշակել են հաղորդագրությունների ուղարկման նոր կանոնակարգ, որի նպատակն է լավագույնս պաշտպանել սպառողների շահերը։
Հանձնաժողովը հաղորդել է, որ այս կանոնների համաձայն՝ Որևէ պարագայում որևէ եղանակով (էլ․ փոստ, SMS հաղորդագրություն, Viber, WhatsApp և այլն) մարքեթինգային հաղորդագրություններ չեն կարող ուղարկվել, եթե օգտատերը չի տվել իր համաձայնությունը։
Համաձայնությունը տրվում է կայքում գրանցման փուլում։ Ընդ որում՝ գրանցումն իրականացնելու համար հաղորդագրությունների ստացմանը համաձայնություն տալը պարտադիր չէ․օգտատերը կարող է նաև հրաժարվել դրանցից։
Եթե այնուամենայնիվ օգտատերն արդեն գրանցվել է, տվել իր համաձայնությունը, բայց հետագայում փոխել է միտքը՝ ցանկացած պահի հնարավորություն ունի հրաժարվել հաղորդագրությունների ստացումից՝
1․ Մուտք գործելով կայքի իր անձնական էջ ու փոփոխելով համապատասխան կարգավորումները,
2․ Արգելափակելով հաղորդագրությունները համապատասխան հավելվածներից՝ ինչպես Viber-ը կամ WhatsApp-ը (opt out մեխանիզմով),
3․ Ուղղակիորեն կապ հաստատելով ընկերության հետ՝ զանգով, ներքին հաղորդագրությամբ կամ այլ միջոցներով, ընդ որում՝ այս ընթացքը չպետք է գերազանցի 3 աշխատանքային օր,
4․ Հնարավոր է նաև հրաժարվել SMS հաղորդագրություններից՝ առանձին կարգով։
Նախատեսվում է, որ եթե օգտատերը իր հաշիվը ամբողջությամբ և անժամկետ արգելափակել է, նա որևէ հաղորդագրություն չի ստանա՝ անկախ այն հանգամանքից, թե նախկինում ինչ համաձայնություն է տվել։ Եթե արգելափակումը ժամանակավոր է, ապա այդ ընթացքում հաղորդագրությունները կդադարեն, իսկ հաշիվ մուտք գործելիս նորից կցուցադրվի հաղորդագրությունների ստացման թույլտվության պատուհանը։
Հաղորդագրությունները պարտադիր պետք է պարունակեն «21+» նշումը, ինչպես նաև զգուշացում այն մասին, որ «Խաղին մասնակցելով կարող եք կրել նյութական վնասներ։ Ոչ սթափ կամ հոգեճնշող վիճակում խաղալն անթույլատրելի է»։
Բացառությամբ SMS-ների, բոլոր մնացած հաղորդագրությունները պետք է ներառեն հեշտ հասանելի տարբերակ՝ դրանցից հրաժարվելու (unsubscribe) համար։






