Հայաստանը մտադիր է երկու նոր հայտ ներկայացնել ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկվելու համար։
ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության 1972 թ․ կոնվենցիայի ազգային համակարգող Հարություն Վանյանն աշխատանքային խմբի հանդիպմանն ասել է, որ հայտերից մեկը պատրաստվել և ներկայացվել է ՅՈւՆԵՍԿՕ, որի վերաբերյալ առաջիկայում կհայտարարվի։
Երկրորդ հայտը մշակվում է պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում և առնչվում է «Արենի-1» քարայրին՝ դրա կապով գինեգործության պատմական ավանդույթի հետ։
Վանյանը նաև ներկայացրել է վերջին երկու տարիներին նախնական ցանկում ընդգրկված երեք մշակութային հուշարձանները՝ «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը», «Երևանի ուրարտական ժառանգությունը», ինչպես նաև «Գառնի հնագիտական համալիրը և Քարերի սիմֆոնիան»։
Նա շնորհակալություն է հայտնել բոլոր այն կազմակերպություններին, որոնք աջակցել են հայտերի պատրաստման գործընթացում։
Հանդիպման ժամանակ քննարկվել են հետագա քայլերը՝ ուղղված նոր հուշարձանների ներառմանը Համաշխարհային ժառանգության ցանկում։ Մասնավորապես, անդրադարձ է եղել նախնական ցանկում ընդգրկված հուշարձանները հիմնական ցանկ տեղափոխելու գործընթացին, ինչպես նաև՝ այլ հնարավոր թեկնածուների՝ ցանկում ներառման չափանիշներին համապատասխանելու հավանականությանը։
Բացի այդ, դիտարկվել է բնության հուշարձան առաջարկելու տարբերակը՝ որպես ցանկի առանձին բաղադրիչ։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության 1972 թ. կոնվենցիայի շրջանակում կատարվող աշխատանքների և ընթացիկ հարցերի քննարկման նպատակով ձևավորված աշխատանքային խմբի հանդիպումը։
Աշխատանքային խմբում ընդգրկված են ներկայացուցիչներ ՀՀ արտաքին գործերի, Շրջակա միջավայրի նախարարություններից, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն», «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ներից, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության իստիտուտից, ՀՀ ԳԱԱ պատմության իստիտուտից, «ԻԿՕՄՕՍ Հայաստան» հասարակական կազմակերպությունից։






