AM
3 Սեպտեմբեր 2025 - 11:10 AMT

Դատարանում պետտուրքի վճարումը որոշ դեպքերում հնարավոր կլինի հետաձգել

«Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվում է պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգում նախատեսել։ Oրենքում համապատասխան լրացում և փոփոխություն նախատեսող նախագիծը հավանություն է ստացել Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում։

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը նշել է, որ առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է պետական տուրքի վճարումը հետաձգել այն դեպքերում, երբ նախաքննական մարմինը, դատախազը կամ դատարանը հաստատել են, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի որոշմամբ կամ անգործությամբ խախտվել է քաղաքացու իրավունք։

Նախագծով լրացուցիչ երաշխիք է նախատեսվում անձի արդար դատաքննության իրավունքի իրացման համար՝ հնարավորություն տալով հայց ներկայացնել՝ առանց հայց ներկայացնելու պահին վճարում կատարելու կաշկանդվածության:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հետաքրքրվել է՝ ինչո՞ւ հետաձգում, և ոչ ազատում տուրքից՝ վերոնշյալ դեպքերում։ Փոխնախարարը պարզաբանել է, որ այդ հարցը քննարկվել է, սակայն նպատակահարմար է եղել պետական տուրքի հետաձգման հնարավորությունը:

Նախագիծը նախատեսվում է ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգում: