Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է պատիժներ սահմանել բուժաշխատողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու կամ նույն արարքը բռնություն գործադրելու սպառնալիքով կատարելու դեպքեր։ Նախագիծը հեղինակել է պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։
Մասնավորապես, առաջարկվում է բուժաշխատողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը պատժել տուգանքով` առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` առավելագույնը հարյուր ժամ տեւողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ ամիս ժամկետով:
Բուժաշխատողի մասնագիտական օրինական գործունեությունը բռնություն գործադրելու սպառնալիքով խոչընդոտելու դեպքում առաջարկվում է տուգանք` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տեւողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
ՆԳՆ վիճակագրական տվյալների համաձայն՝ 2023-2025 թվականներին բուժաշխատողների դեմ բռնության 27 դեպք է արձանագրվել:






