AM
3 Սեպտեմբեր 2025 - 12:43 AMT

Սահակյան․ Բաքվում պահվող հայ գերիների շրջանում եղել են ինքնասպանության փորձեր

Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարել է, որ Բաքվի բանտերում պահվող հայ գերիների շրջանում եղել են ինքնասպանության փորձեր, հայտնում է «Ազատությունը»։

Նրա խոսքով՝ գերիներն օրերս հեռախոսազանգի հնարավորություն են ունեցել հարազատների հետ, և հենց այդ զրույցների ընթացքում հայտնի է դարձել ինքնասպանության փորձերի մասին։ Սահակյանը չի մանրամասնել անուններ, միայն հավելել է, որ այդ դեպքերը գրանցվել են ոչ թե Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, այլ մյուս գերիների շրջանում։

«Ցավոք, չեմ կարող որոշակիացնել … Այսինքն՝ Կարմիր Խաչի այցելությունների դադարից հետո նման փորձեր են եղել, կրկնվել են, ինչը ցույց է տալիս ուղղակի կապը Կարմիր Խաչի գործունեության դադարեցման, մեկուսացվածության և մարդկային տառապանքների հետ», – ընդգծել է իրավապաշտպանը։

Նրա խոսքով՝ գերիները մոտ երկու ամիս շարունակ գտնվում են ամբողջական մեկուսացման մեջ։ Քանի որ որևէ միջազգային անկախ կառույց նրանց չի տեսակցել, տեղեկություն չկա նրանց պահման պայմանների, ինչպես նաև առողջական ու հոգեբանական վիճակի մասին։

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն վերջին անգամ հայ գերիներին այցելել է հունիսին։ Սեպտեմբերի 3–ից Ադրբեջանի իշխանությունների որոշմամբ, կառույցը դադարեցրել է իր գործունեությունը Բաքվում։

«Այս օրերին տեղի են ունեցել հեռախոսազանգեր, և ընտանիքները մեզ փոխանցեցին, որ այդ զրույցների միջոցով արդեն իսկ նրանց համար նկատելի են եղել առողջական լուրջ խնդիրներ և իհարկե հոգեբանական ծանր վիճակ։ Հուսալքությունը խորանում է», – նշել է Սահակյանը։

Պաշտոնական տվյալներով՝ Բաքվի բանտերում պահվում է 23 հայ գերիներ։

Սեպտեմբերի 2–ին հայտնի դարձավ, որ44-օրյա պատերազմի ընթացքում գերեվարված և ներկայումս Բաքվի բանտում պահվող Վիգեն Էուլջեքջյանի ընտանիքը ահազանգել է, որ նա արդեն 20 օր է հացադուլի մեջ է։