Հայաստանի ազգային պատկերասրահում կայացած մամուլի ասուլիսում ներկայացվել է սեպտեմբերի 5-7-ն անցկացվելիք Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնի ծրագիրը։ Փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 5-7-ը Հայաստանի ազգային պատկերասրահում, իսկ գրքի տոնավաճառը՝ Հայաստանի ազգային պատկերասրահի և Հայաստանի պատմության թանգարանի կամարաշարում:
Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը նշել է, որ արդեն երրորդ տարին անընդմեջ քաղաքապետարանը հանդիսանում է փառատոնի գլխավոր հովանավորն ու այս տարի հատկացրել է 25 միլիոն դրամ, հայտնում է Արմենպրեսը։
Նրա խոսքով՝ փառատոնի աշխարհագրությունն ընդլայնվել է նաև մարզերում, իսկ միջազգային համագործակցությունը դարձել է ավելի ակտիվ։ Հովհաննիսյանը հավելել է, որ յուրաքանչյուր տարի քաղաքապետարանը մինչև 40 մլն դրամ ուղղում է գրադարանների գիրքֆոնդի համալրմանը, և արդեն ձեռք է բերվել մոտ 30 հազար գիրք։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը շեշտել է, որ փառատոնի շրջանակը մեծացվել է նաև Շիրակի և Սյունիքի մարզերում։ Նա նշել է, որ գիրքը գիտելիքի աղբյուր է բոլոր ոլորտների զարգացման համար և կարևորել է ընթերցանության խթանումը։
Փառատոնի համակազմակերպիչ, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը հայտնել է, որ այս տարի Վիլյամ Սարոյանի անվանակարգի հաղթողը կստանա մեծ գրողի բնօրինակ գունանկարներից մեկը։ ԱՄՆ-ից բերված նրա 104 ստեղծագործությունները կցուցադրվեն փառատոնի ընթացքում։
Փառատոնի տնօրեն Անի Ղազարյանը հավելել է, որ միջոցառմանը կմասնակցեն 50-ից ավելի հրատարակչություն և գրախանութ, իսկ երեք օր շարունակ Երևանը կդառնա գրքի մայրաքաղաք։ Նշվել է նաև Վիլյամ Սարոյանի անվան կարճ պատմվածքի մրցանակաբաշխության անցկացումը՝ 108 գրողի մասնակցությամբ, ինչպես նաև Միջազգային հրատարակիչների ֆելոուշիփ ծրագիրը, որի նպատակն է խթանել հայ գրականության ճանաչումը։
Գրքի երևանյան միջազգային փառատոնը, որը մեկնարկել է 2017-ին և 2023-ից հովանավորվում է Երևանի քաղաքապետարանի կողմից, համարվում է Հայաստանի ամենամեծ գրահրատարակչական միջոցառումը։ Նախորդ տարվա փառատոնը ունեցել է 30,000-ից ավելի այցելու, այդ թվում՝ արտասահմանցի հյուրեր։






