Մի խումբ հայ մասնագետներ ԱՄՆ–ում մասնակցել է երեքշաբաթյա «Միջազգային առաջնորդ այցելուների» ծրագրին, հայտնում է ԱՄՆ դեսպանությունը։
Հաղորդագրության համաձայն՝ «Քաղաքականության մշակումն ու տարածաշրջանային կայունությունը» խորագրով ծրագիրը հնարավորություն է տվել մասնակիցներին ծանոթանալ ԱՄՆ արտաքին քաղաքականությանը, հանդիպել քաղաքականության մշակողների, վերլուծական կենտրոնների և ակադեմիական ոլորտի ներկայացուցիչների հետ։
Նշվում է, որ սա ոչ միայն հարթակ է եղել մասնագիտական կապերի հաստատման համար, այլև հնարավորություն՝ գնահատելու հեռանկարներն ու ընդլայնելու մասնագիտական գործունեության շրջանակը։
Ծրագրի ընթացքում մասնակիցները նաև ծանոթացել են ամերիկյան մշակույթին․ այցելել են Սիեթլի Space Needle աշտարակ, մասնակցել զբոսանավով շրջագայությանը Սիեթլում և ներկա գտնվել Անկախության օրվա տոնակատարությանը։
«Միջազգային առաջնորդ այցելուների» ծրագիրը, ըստ դեսպանության, նպաստում է երկխոսության ձևավորմանը, փորձի փոխանակմանը և փոխըմբռնման ամրապնդմանը։






