Պեկինում՝ Ժողովուրդների մեծ պալատում, կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության փոխնախագահ Հան Ճենի հետ։
Հան Ճենը ողջունել է վարչապետ Փաշինյանի այցը ՉԺՀ և մասնակցությունը ՇՀԿ գագաթնաժողովին ու Պեկինում անցկացված շքերթին։ Նա նշել է, որ ՀՀ վարչապետի և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի արդյունավետ հանդիպման արդյունքն է Հայաստանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատումը, ինչը կնպաստի բոլոր ոլորտներում համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը։
Հան Ճենն իր խոսքում նշել է, որ Չինաստանը մեծապես կարևորում է Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության հաստատումը, և այդ առումով վարչապետի այցը ունի առանցքային նշանակություն։
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել հրավերի և ջերմ ընդունելության համար՝ շեշտելով, որ Չինաստան կատարած աշխատանքային այցը կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար։ Վարչապետը նշել է, որ այցի արդյունքում Հայաստանի և Չինաստանի հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական գործընկերության մակարդակի, ինչը նոր հնարավորություններ է ստեղծում կապերի հետագա խորացման ու ընդլայնման համար։ Նա նաև նշել է, որ վերջին տարիներին համագործակցությունը զարգանում է քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում, ամրապնդվում են ժողովուրդների միջև կապերը։ Վարչապետի խոսքով՝ երկու ժողովուրդները մեծ համակրանք ունեն միմյանց նկատմամբ, ինչը ամուր հիմք է համապարփակ համագործակցության առաջխաղացման համար։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային կարևորություն ունեցող մի շարք հարցերի շուրջ և համոզմունք հայտնել, որ առաջիկայում Հայաստան–Չինաստան համագործակցությունը կզարգանա ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ բազմակողմ հարթակներում։
Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Պեկինում մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված հանդիսավոր շքերթին։
Միջոցառմանը ներկա են եղել Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին մասնակցող պետությունների ղեկավարները, ինչպես նաև մի շարք այլ երկրների առաջնորդներ։ Բարձրաստիճան հյուրերին դիմավորել են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը և տիկին Պեն Լուանը։ Շքերթի ընթացքում ելույթով հանդես է եկել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը։






